Թուրքիա

Էրդողանը Թուրքիայի Հաղորդակցության վարչության նոր ղեկավար է նշանակել

2 րոպեի ընթերցում

Էրդողանը Թուրքիայի Հաղորդակցության վարչության նոր ղեկավար է նշանակել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հաղորդակցության վարչության ղեկավար է նշանակել փոխարտգործնախարար Բուրհանեթթին Դուրանին, ով այս պաշտոնում կփոխարինի Ֆահրեթթին Ալթունին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, որոշումը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնաթերթում։

Էրդողանի կողմից Ֆահրեթթին Ալթունի նշանակումը տեղի էր ունեցել 2018 թվականին՝ ղեկավարելու նոր ստեղծվող կառույցը, որն ունի շուրջ 1500 աշխատակից ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։

Reuters-ը նշում է, որ Հաղորդակցության վարչության գործունեության հիմնական նպատակը եղել է  ավելի լսելի դարձնել թուրքական կառավարության ձայնն ամբողջ աշխարհում, ուշի ուշով հետևել տեղական մեդիային՝ ջանալով հայտնաբերել ապատեղեկատվությունը։ Իսկ գործնականում այս քաղաքականությունն արտահայտվել է ընդդիմադիր լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերում արվող քննադատական գրառումները գրաքննելով։ 

Տարբեր զեկույցների համաձայն՝ Թուրքիայի հիմնական լրատվամիջոցների 90 տոկոսը կառավարության հետ սերտ դիրքորոշում ունեցող ԶԼՄ-ներ են, ինչը օգնում է Էրդողանին շարունակել ավելի քան 20 տարի իր ձեռքում պահել երկրի իշխանությունը։

Հաղորդակցության վարչության նոր ղեկավար Դուրանը ԱԳ փոխնախախարի պաշտոնում գերազանցապես աշխատել է Աֆրիկայի երկրների հետ հարաբերությունների վրա։ Իսկ մինչ այդ երկար տարիներ ղեկավարել է Թուրքիայի կարևորագույն հետազոտական կենտրոններից մեկը՝ «Քաղաքական, տնտեսական և հասարակագիտական հետազոտությունների հիմնադրամը» (SETA): Թեպետ այս հիմնադրամը դիրքավորում է իրեն որպես անկախ և անկողմնակալ թինք-թանք, սակայն տարիների ընթացքում շատ ուսումնասիրություններ ցույց են տվել դրա սերտ կապերը երկրի իշխող շրջանակների հետ։

Իսկ Ֆահրեթթին Ալթունը այսուհետ նախագահի որոշմամբ գլխավորելու է Թուրքիայի մարդու իրավունքների և հավասարության խորհուրդը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում