Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը
1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Firebird ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիգ Հովակիմյանին, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին և Team Telecom Armenia ընկերության համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները քննարկել են Հայաստանում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու նախագծի իրականացմանը վերաբերող հարցեր: Ներդրումային ծրագիրը գնահատվում է շուրջ 500 միլիոն դոլար:
Վարչապետը կարևորել է նախագծի կյանքի կոչումը և ընդգծել ՀՀ կառավարության աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այն նոր ազդակ կհաղորդի և էական ազդեցություն կունենա Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի ապահովման գործում:
Ըստ աղբյուրի՝ Ռազմիգ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կառավարությանը նախագծին աջակցելու համար և մանրամասներ ներկայացրել առաջիկա ծրագրերի ու քայլերի վերաբերյալ:
Ակնկալվում է, որ նախագծի շրջանակում կտեղակայվեն հազարավոր NVIDIA Blackwell GPU-ներ, կձևավորվի ավելի քան 100 մեգավատտ հզորությամբ ենթակառուցվածք։