Հայաստան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների պաշտպանության միջազգային դաշինքին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների պաշտպանության միջազգային դաշինքին

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի կողմից ստորագրվել է խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի շրջանակային համաձայնագիրը։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան՝ ընդգծելով երկու երկրների միջև աճող համագործակցությունը բնապահպանական ոլորտում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունից, դաշինքի նպատակն է համախմբել պետություններին՝ միասնաբար գործելու աշխարհի յոթ խոշոր կատվազգիների պահպանության և վերականգնման ուղղությամբ։

Հայաստանի միանալը դաշինքին կարևոր քայլ է՝ ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային ջանքերում մեր երկրի ակտիվ մասնակցությունն ընդգծելու առումով, այլև՝ ընձառյուծի ու այլ հազվագյուտ կատվազգիների պահպանմանն ուղղված տեղական ծրագրերի ընդլայնման ու միջազգային փորձի փոխանակման համար։

Այսօր Հայաստանում ապրում է մինչև 10 ընձառյուծի առանձնյակ։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ստորագրված համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն ոչ միայն բնապահպանական քաղաքականության մշակման, այլև ֆինանսավորման և տեխնոլոգիական լուծումների ոլորտում՝ վերածելով բնության պաշտպանությունն իրապես համաշխարհային օրակարգի բաղկացուցիչ մասի։

Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պահպանել կենդանական աշխարհի բազմազանությունն ու նպաստել կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում