Հայկական իմպրեսիոնիզմի գանձերը կցուցադրվեն Ֆրանսիայում
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հանրահայտ Բարբիզոնի մշակութային կենտրոնում հունիսի 27-ին կբացվի «Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» ծավալուն ցուցահանդեսը, որտեղ կցուցադրվեն Հայկական իմպրեսիոնիզմը ներկայացնող բարձրարժեք գործեր Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային պատկերասրահը։
Միջազգային ցուցահանդեսում ընդգրկված են գլխավորապես 20-րդ դարի առաջին երեք տասնամյակներում ստեղծագործող հեղիկնակների 30-ից ավելի գեղանկարչական աշխատանքներ. մասնավորապես՝ անվանի արվեստագետներ Վարդգես Սուրենյանցի, Եղիշե Թադևոսյանի, Վահրամ Գայֆեճյանի, Կարապետ (Շառլ) Ադամյանի, Մարտիրոս Սարյանի, Սեդրակ Առաքելյանի ստեղծագործությունները:
Ցուցադրության ընթացքում կիրականացվեն մի շարք մշակութային միջոցառումներ և ծրագրեր, ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Հայաստանում:
Ցուցահանդեսի համադրող՝ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյան:
2022 թ. Հայաստանի ազգային պատկերասրահը անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրի «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի իրականացման համար:
«Հայկական իմպրեսիոնիզմի գույներն ու լույսերը» միջազգային ցուցահանդեսն իրականացվում է վերոնշյալ համագործակցության շրջանակներում: