2 րոպեի ընթերցում
Իրանում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անպատասխանատու է վարվել՝ շնորհավորելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Իրանի դեմ հարվածների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Բաղային հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից «ամոթալի» և «անպատասխանատու» է շնորհավորել ինքնիշխան երկրի դեմ ագրեսիան։
«Նա, ով աջակցում է հանցագործությանը, համարվում է հանցակից և հանցագործության մասնակից»,- նշել է Բաղային։
Հունիսի 24-ին Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Ռյուտեի հետ նամակագրության սքրինշոթ, որում Ռյուտեն շնորհակալություն էր հայտնել իրեն «Իրանում վճռական գործողությունների համար, որոնք իսկապես արտասովոր էին, և որոնք ոչ ոք չէր համարձակվում ձեռնարկել»։
Հունիսի 13-ին Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ՝ նպատակ ունենալով ոչնչացնել նրա միջուկային ծրագիրը։ Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հունիսի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց կողմերի միջև հրադադարի մասին, որը հետագայում հաստատեցին Իրանը և Իսրայելը։