Կալիֆոռնիայի պաշտոնյաները հակադարձել են Թրամփին՝ Իրանի կողմից Լոս Անջելեսի ու Սան Դիեգոյի «ոչնչացման» մասին նրա հայտարարությունից հետո
2 րոպեի ընթերցում

Կալիֆոռնիայի պաշտոնյաները դատապարտել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նեբրասկայում միջանկյալ ընտրությունների հանրահավաքի ժամանակ հնչեցրած մեկնաբանությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Խոսելով Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից պատերազմի հետևանքով բենզինի բարձր գների մասին՝ Թրամփն ասել էր, որ Թեհրանի կողմից Լոս Անջելեսի կամ Սան Դիեգոյի «վերացումը» «փոքր գին կլինի աշխարհի անվտանգությունը պահպանելու համար»։
Նահանգապետ Գևին Նյուսոմը նախագահին անվանել է «խելագար և վտանգավոր», մինչդեռ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասն ասել է. «Նախագահի դերը երկիրը պաշտպանելն է, այլ ոչ թե ակտիվորեն սպառնալը և ամերիկացիների կյանքի վրա հարձակումները խրախուսելը»։
Լոս Անջելեսը և Սան Դիեգոն հարավային Կալիֆոռնիայի ամենամեծ քաղաքներն են, որտեղ տեղակայված են ԱՄՆ խոշոր ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ ռազմածովային նավահանգիստներ և ռազմաօդային ուժերի բազաներ։
Նեբրասկայում ելույթ ունենալիս Թրամփն Իրանի հետ պատերազմը բնութագրել է «գրեթե ավարտված»։
Սան Դիեգոյի քաղաքապետ Թոդ Գլորիան X-ում գրառման պահանջել է, որ Թրամփը քաղաքը հեռու պահի իր «պատերազմի մասին անխոհեմ խոսակցություններից»։
Թրամփը դեռևս չի արձագանքել Կալիֆոռնիայի ղեկավարների կողմից արված մեկնաբանություններին։
Սան Դիեգոն, որը գտնվում է Մեքսիկայի հետ սահմանից 27 կմ հեռավորության վրա, ԱՄՆ-ի ութերորդ ամենամեծ քաղաքն է, և այնտեղ է գտնվում Սան Դիեգոյի ռազմածովային բազան, ԱՄՆ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան նավատորմի գլխավոր նավահանգիստը և Կորոնադոյի ռազմածովային բազան։
Սան Դիեգոյից մոտավորապես 193 կմ դեպի հյուսիս գտնվող Լոս Անջելեսը ԱՄՆ-ի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքն է։ Այնտեղ են տեղակայված ԱՄՆ տիեզերական ուժերի տիեզերական համակարգերի հրամանատարության շտաբը, ինչպես նաև Լոս Անջելեսի ռազմաօդային ուժերի բազան։