ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ
2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին հայտարարեց Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով պատգամավոր Արեգա Հովսեփյանի հարցին։ Պատգամավորը հարցում անդրադարձել էր Շաքիի բնակչուհու՝ իրեն և երեխաներին պաշտպանելու գործողություններին, ինչպես նաև միջադեպի ժամանակ պետական մարմինների արձագանքին։
«Դա սովորական կրիմինալ իրավիճակ է։ Երբ ոստիկանություն են զանգում, պետք է սպասել ոստիկանության գործողություններին։ Եթե ոստիկանության գալուն սպասեին, բացարձակապես ոչ մի բան, մեծ հաշվով, տեղի չէր ունենա»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ մայրական բնազդի ուժը հասկանալի է, սակայն վերահաստատեց ոստիկանության գործողություններին սպասելու անհրաժեշտությունը։
Ներկայացնելով դեպքը՝ Փաշինյանը նշեց, որ ընտանիքը մի քանի օր բացակայել էր տնից։ Նրա խոսքով՝ երեխաները վերադարձել էին, տանը օտար մարդու տեսել և այդ մասին հայտնել մորը։ Մայրը զանգահարել էր ոստիկանություն, սակայն ինքն ավելի շուտ էր հասել դեպքի վայր։
Վարչապետը միաժամանակ ընդգծեց, որ քննություն է ընթանում, և տվյալ պահին տեղեկությունները կարող են ամբողջական չլինել։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Շաքի բնակավայրի տներից մեկը և հայտնաբերվելուց հետո կրակոցներ արձակել։ Վիրավորում է ստացել 1987 թվականին ծնված ՀՀ քաղաքացի։ Մուսաևը դիմել է փախուստի, ապա հայտնաբերվել նույն բնակավայրի մեկ այլ հասցեում և ժամը 15։30-ին ձերբակալվել։
Դատախազությունը հոկտեմբերի 2-ին հայտնել էր Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի հինգ հոդվածներով։ Դրանք վերաբերում են պետական սահմանն ապօրինի հատելուն, հրազենի մաքսանենգությանը և ապօրինի շրջանառությանը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելուն ու առողջությանը ծանր վնաս պատճառելուն։