Թրամփը խոսել է Իրանի հետ հակամարտության ավարտի և Հորմուզի նեղուցով նավթի արտահանումների մասին
3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերիլենդի նահանգում ունեցած ելույթի ժամանակ ասել է, որ խորհրդածում է, թե արժե արդյոք Իրանի հետ հակամարտությունն ավարտել «լավ ձևով»։ Նա նաև անդրադարձել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանումներին և Իրանի զինամթերքի արտադրության կարողություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թրամփի ելույթի տեսանյութը տարածել է LiveNOW from Fox-ը։
«Մենք պետք է ավարտենք դա, և հարցը միայն այն է, թե հատկապես ինչպես. ցանկանո՞ւմ ենք արդյոք դա անել լավ ձևով թե՞ ոչ այնքան լավ ձևով։ Եվ շատ շուտով դուք դա կիմանաք»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։
«Ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ ոչ ոք չգիտի, թե ով է կառավարում երկիրը։ Ոչ ոք չգիտի, բայց գուցե լավն էլ դա է։ Բայց դուք հիշում եք (խմբ.՝ պատերազմի առաջին օրը սպանված Իրանի գերագույն առաջնորդ) Խամենեիին։ Նրանք բոլորն այլևս չկան»,- հավելել է Թրամփը։
Նրա խոսքով՝ Իրանի «հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արտադրական կարողություններն զգալիորեն կրճատվել են»։
«Շուտով դրանցից ոչինչ չի մնա։ Մենք ստույգ գիտենք, թե որտեղ է գտնվում մնացած մասը», - ասել է Թրամփը։
Նա պնդել է, որ իրեն «մշտապես զանգահարում են աշխարհի առաջնորդները և մեծ երախտագիտություն են հայտնում» Թեհրանի հետ հակամարտության համար։
«Ես նրանց ասում եմ. «Գերազանց է։ Իսկ ե՞րբ եք վճարելու դրա համար»», - ասել է ԱՄՆ ղեկավարը։
Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Միացյալ Նահանգներին պետք չէ իրանական նավթը։
Նա պնդել է, որ Հորմուզի նեղուցը ներկայում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի լիակատար վերահսկողության ներքո։
«Այլ կերպ ասած՝ Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ ռազմածովային ուժերին և ԱՄՆ-ին։ Ահա թե ում է այն պատկանում, ահա թե ինչ իրավիճակ է այժմ, - ասել է ԱՄՆ նախագահը։ -Այնուամենայնիվ մեզ պետք չէ նրանց նավթը։ Նրանց նավթը պետք է ուրիշներին, շատ պետք է, բայց մենք ենք ապահովում դրա արտահանումը։ Եվ մենք դա անում ենք ռեկորդային մակարդակներով»։
Բացի այդ, Թրամփն ընդգծել է, որ Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ունենա: Այդ խնդիրն արդեն, ըստ էության լուծված է, համոզված է նա։
«Դա երբեք տեղի չի ունենա, երբեք տեղի չի ունենա։ Այդ գործն արդեն արված է», - հայտարարել է ԱՄՆ նախագահը։