Մշակույթ

«Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությամբ կենդանացան Վինսենթ վան Գոգի և Գուստավ Կլիմտի հավերժական կտավները

3 րոպեի ընթերցում

«Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությամբ կենդանացան Վինսենթ վան Գոգի և Գուստավ Կլիմտի հավերժական կտավները

«Ճամփորդություն արվեստում» մուլտիմեդիա ցուցադրությունն արվեստասերներին ծանոթացնում է համաշխարհային ճանաչում ունեցող երկու մեծ վարպետների՝ Վինսենթ վան Գոգի և Գուստավ Կլիմտի կյանքին ու գործունեությունը, կենդանացնում է նրանց կտավները՝ հնարավորություն տալով զգալ նրանց ապրած դարաշրջանի շունչը, նկարիչների երջանկությունն ու տառապանքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ յուրահատուկ ցուցադրությունը, որն Anima Exhibitions-ի նախաձեռնությամբ հունիսի 18-ին բացվեց Հայաստանի նկարիչների միությունում, կգործի մինչև օգոստոսի 19-ը։

Ցուցադրությանը 77 րոպեում ներկայացվում է ավելի քան 300 անիմացիոն կտավ։ 

Նկարիչների միություն նախագահ Սուրեն Սաֆարյանին ցուցադրությունը շատ է դուր եկել։ «Տարբեր երկրներում մասնակցել եմ նման ցուցադրությունների։ Երբ Գարիկ Հայրապետյանն առաջարկեց նախագիծը ներկայացնել մեր հարկի տակ, ուրախությամբ համաձայնվեցի, քանի որ այն անսովոր ձևաչափ ունի։ Գրեթե ամբողջ ամառ բաց է լինելու, և արվեստասեր հասարակությունը կարող է գալ, նայել»,-նշում է Սաֆարյանը։

Նրա խոսքով՝  Կլիմտի և Վինսենթ վան Գոգի ձեռագրերը շատ են տարբերվում, բայց յուրաքանչյուրը բացառիկ վարպետ է, ֆանտաստիկ նկարիչ։ Նրանց երկուսին մեկ հարթակում ծանոթանալը շատ հետաքրքիր է համարում։ Կարծում է՝ կենդանացած պատկերները շատ կգրավեն թե՛ երիտասարդներին, թե՛ հասուն արվեստասերներին։

Anima Exhibitions-ի հիմնադիր Գարիկ Հայրապետյանը նշում է, որ նման ցուցադրություններ կազմակերպվում են աշխարհի տարբեր երկրներում, հատկապես տարածված են եվրոպական երկրներում։ «Համագործակցության շնորհիվ այս ցուցադրությունը բերել ենք Հայաստան, որպեսզի հայ ժողովուրդը ևս ծանոթանա նման կոնցեպտով ներկայացված արվեստին, որը շատ հետաքրքիր է։ Կարծում ենք՝ այցելուներին դուր կգա»,-շեշտում է նա։

Ցուցադրությունը, որը մանրամասն ներկայացնում է հոլանդացի և ավստրիացի նկարիչների կյանքի վառ դրվագները, գլուխգործոցների ստեղծումը, դյուրամարս է, քանի որ տեքստը հայերեն է, այն ներկայացնում է ՀՀ վաստակավոր արտիստ Բաբկեն Չոբանյանը։

Հայրապետյանի խոսքով՝ վստահ են, որ նման ձևաչափը շատերին դուր կգա, ուստի պատրաստվում են տարվա մեջ մի քանի անգամ համաշխարհային նկարիչների մասին պատմող ցուցադրություններ կազմակերպել Հայաստանում։ Չի բացառվում, որ մի օր անդրադառնան նաև հայ ականավոր որևէ նկարչի։

Մարտիրոս Սարյանը Վինսենթ վան Գոգի մասին ասել է. «Վան Գոգը պատկանում է այն արվեստագետների թվին, որոնք միշտ էլ արդիական են լինելու, որովհետև նրա կտավներն ու գծանկարները հետաքրքիր ու գրավիչ են բազմաթիվ տեսակետներից»։

«Ես երբեք չեմ նկարել ինքնանկար։ Ես` որպես նկարի առարկա, ինձ ավելի քիչ եմ հետաքրքրում, քան մյուս մարդիկ` հատկապես կանայք։ Իմ մեջ ոչ մի յուրահատուկ բան չկա։ Ես նկարիչ եմ, ով նկարում է ամեն օր, առավոտից մինչ գիշեր։ Եթե ուզում եք իմ մասին որևիցե բան իմանալ, պետք է ուշադիր նայեք իմ նկարներին»,-գրել է Գուստավ Կլիմտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում