Հակահայկական հրապարակումները ռուսական գիտական ամսագրում․ «Գեղարդ» հիմնադրամի հետաքննությունը
5 րոպեի ընթերցում

«Գեղարդ» հիմնադրամը դիմում-բողոք է ներկայացրել Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նախագահություն, Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի (ԲԱԿ) պատմության փորձագիտական խորհուրդ, «Web of Science» վարչակազմ՝ «Вопросы истории» ամսագրի կողմից ակադեմիական և գիտաէթիկական չափորոշիչների խախտումների կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հիմնադրամը նկատել է, որ վերջին տարիներին ամսագրի խմբագրական քաղաքականությունը միտված է այնպիսի նյութերի հրապարակմանը, որոնք արտացոլում են ադրբեջանական պատմագրության շահերն ու գաղափարախոսական դիրքորոշումները։ Ամսագիրը պարբերաբար հրապարակում է ադրբեջանցի հեղինակների նյութեր, որոնք ունեն հակահայկական և գիտական կեղծ բովանդակություն: Ամսագրի գլխավոր խմբագիրն է ազգությամբ ադրբեջանցի Պյոտր Ախմեդովիչ Իսկենդերովը։
«Խորհրդային տարիներից ի վեր հրատարակվող և Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի ամենահեղինակավոր հրատարակությունների շարքում ընդգրկված «Вопросы истории» ամսագիրը պատմական գիտության ոլորտի ամենահին ակադեմիական ամսագիրն է։ Այն ինդեքսավորված է միջազգային տվյալների բազաներում, այդ թվում՝ «Web of Science»-ում։
Ամսագրի հրապարակումները, որպես կանոն, հիմնված չեն հավասարակշռված աղբյուրների վերլուծության վրա, անտեսում են միջազգային պատմագրության ավանդույթներն ու գիտական դիսկուրսի փոխարեն վերարտադրում են ադրբեջանական պաշտոնական քաղաքականության գաղափարախոսությունները»,- նշված է «Գեղարդ» հիմնադրամի հրապարակման մեջ:
՝ «Вопросы истории» ամսագրի՝ Հիմադրամի առանձնացրած հոդվածներն են.
- М. Пашаевой «Заргунская долина: последнее пристанище святого Елисея в Кавказской Албании (мифы и реальность)» (Вопросы истории, 2022, №6) հոդվածում հեղինակը Մովսես Կաղանկատվացուն և Մխիթար Գոշին ներկայացնում է որպես «ալբանացիներ»՝ իբրև ադրբեջանցիների նախնիներ։ Աղվանքի բնակչությանը՝ որպես ադրբեջանցիների նախնիներ ներկայացնելու փորձերը ոչ այլ ինչ են, քան կեղծիք և քարոզչություն, որը չպետք է տեղ գտներ ռուսական գիտական ամսագրում:
- Алиева Шафы «Стратегическое значение возрождения Карабахского и Восточно-Зангезурского экономических районов Азербайджана» (Вопросы истории, 2022, № 6, с. 148-155) հոդվածում հեղինակը «կարծում է», որ 20-րդ դարում Ղարաբաղում տները պատկանել են միայն ադրբեջանցիներին, որոնք, ենթադրաբար, հայերն են «ավերել»։
- И.Т. Нуриевой «Ecological terrorist acts against Azerbaijan» (Вопросы истории, 2023, №12-1, с. 166–171) հոդվածում հեղինակն անհիմն մեղադրում է Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ «բնապահպանական ահաբեկչության» մեջ։
- Хаджар Вердиевой, Тамары Ростовской и Петра Искендерова «Влияние демографических процессов на обогащение мультикультурной среды Азербайджана на рубеже XIX-XX вв.» (Вопросы истории, 2025, №3) հոդվածում լիովին անտեսված է հայերի դերը Բաքվի պատմության մեջ։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը նամակով հրավիրում է Ռուսաստանի գործընկերների և գիտության ոլորտի պատասխանատուների ուշադրությունը «Вопросы истории» «գիտական» ներկայացող հանդեսի հրապարակումների վրա՝ կոչ անելով.
- Անցկացնել «Вопросы истории» ամսագրի խմբագրական քաղաքականության ակադեմիական ստուգում՝ գիտական ամբողջականության համակարգված խախտումների համար։
- Կասեցնել կամ վերանայել դրա ինդեքսավորումը միջազգային տվյալների բազաներում, այդ թվում՝ «Web of Science»-ում և «RINTS»-ում։
- Առաջարկել ամսագիրը հանել VAK ցուցակից՝ մինչև խախտումների վերացումը։
Հիմնադրամի հետաքննական նյութն ու բողոք-դիմումը հասանելի են հիմնադրամի պաշտոնական կայքում։