Եվրոպա

Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով

Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ռուսաստանից իր դեսպանին խորհրդակցությունների համար կանչելու մասին՝ օգոստոսի 9-ին Շտեֆան Վոդայի շրջանի Կրոկմազ բնակավայրում անօդաչու թռչող սարքի կործանման և պայթյունի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարությունը հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։

Գերատեսչությունը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լուրջ խախտում, որը վտանգել է երկրի քաղաքացիների անվտանգությունը:

«Մոլդովայի Հանրապետությունը դատապարտում է Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիվ պատերազմը և դրա հետևանքները մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար: Այս համատեքստում Արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցությունների է կանչում Մոսկվայում Մոլդովայի Հանրապետության դեսպանին», - նշված է հաղորդագրության մեջ։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նույնպես դատապարտել է Կրոկմազում տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմն «ուղղակիորեն ազդում է Մոլդովայի Հանրապետության վրա», հաղորդում է Moldpress գործակալությունը: Սանդուն հայտարարել է, որ իշխանությունները կուժեղացնեն երկրի օդային տարածքը մշտադիտարկելու և պաշտպանելու հնարավորություններն՝ օտարերկրյա գործընկերների աջակցությամբ: Նախագահը շեշտել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ընթացքում Մոլդովայի օդային տարածքը մի քանի անգամ խախտվել է:

Ըստ մոլդովական NewsMaker պարբերականի՝ Շտեֆան Վոդայի ոստիկանությունը Կրոկմազ գյուղի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել օգոստոսի 9-ին՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:20-ին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրում հայտնաբերվել են մարտական ​​անօդաչու թռչող սարքի բեկորներ։ Տուժածներ չկան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում