Հանդիսավորությամբ վերաբացվել է Գավառի մշակույթի տունը
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Ֆրունզե Դովլաթյանի անվան մշակույթի տան վերաբացման հանդիսավոր արարողությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը ներկա են եղել Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի, համայնքային իշխանությունների, համայնքի հիմնարկ- ձեռնարկությունների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր։
Վերաբացման արարողությունն ուղեկցվել է Գավառ համայնքի արտադպրոցական հաստատությունների սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություններով և համայնքի՝ երաժշտական ու արվեստների դպրոցների համույթների, անհատ կատարողների և այդ հաստատությունների շնորհալի շրջանավարտների ելույթներով։
Բացման հանդիսավոր խոսքով հանդես է եկել Գավառի մշակույթի տան տնօրեն Լիաննա Միքայելյանը, ով իր խոսքում շնորհակալություն է հայտնել մշակույթի տան շենքի հիմնանորոգման գործում աջակցություն ցուցաբերած և ներդրումներ իրականացրած անձանց ու կազմակերպություններին և բարի ընթացք մաղթել մշակույթի տան գործունեությանը։
«Գավառի մշակույթի տունը հիմնանորոգվել, կահավորվել և ժամանակակից տեխնիկայով վերազինվել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ինչպես նաև Գավառ համայնքի բյուջեից հատկացված միջոցներով»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։
Խոսրով Խլղաթյան