ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
1 րոպեի ընթերցում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից՝ նշելով, որ ստացված ահազանգի հիման վրա ուսումնասիրություն է իրականացվել Երևան քաղաքի Արշակունյաց 42/3 հասցեի հարակից տարածքում, որտեղ կատարվում էին խորքային հորի հորատման աշխատանքներ։
Գերատեսչությունից նշում են, որ տեղում արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության կատարվող աշխատանքներն իրականացվում էին «Վանդ-Գազ» ՍՊԸ-ի կողմից՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվերով։
Տեսչական մարմնի կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում կանխվել են առանց ջրօգտագործման և հորատման թույլտվության իրականացվող խորքային հորի հորատման աշխատանքները։
Հարուցված վարչական վարույթն ընթացքի մեջ է: