Իրան

Սպահանի նահանգում իսրայելական հարվածներից 3 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Սպահանի նահանգում իսրայելական հարվածներից 3 մարդ է զոհվել

Առնվազն երեք մարդ է զոհվել, չորսը՝ վիրավորվել Սպահանի նահանգի Քաշան քաղաքին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով, հայտարարել է նահանգի փոխնահանգապետ Աքբար Սալեհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Mehr գործակալությունը:

«Մեր իսլամական հայրենիքի դեմ սիոնիստական վարչակարգի դաժան ագրեսիայի ընթացքում այսօր՝  հունիսի 17-ի առավոտյան, արկ է ընկել Քաշանի հսկիչ անցակետում, զոհվել է երեք մարդ, չորսը՝ վիրավորվել», - ասել է նա։

Ավելի վաղ Սալեհին հայտնել էր, որ Սպահանի ՀՕՊ համակարգերը խոցել են մի քանի փոքր անօդաչու թռչող սարք։ Դրանից մեկը խոցվել է Քաշանի օդային տարածքում. այն ուղղություն էր վերցրել դեպի Նաթանզի միջուկային օբյեկտ։

Mehr գործակալությունը նաև հաղորդում է, որ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի հյուսիս-արևմուտքում՝ Թավրիզ քաղաքի երկնքում, իսրայելական օդային թիրախներ են ոչնչացնում: Ավելի վաղը NourNews գործակալությունը հայտնել էր Թավրիզում երկու պայթյունի մասին։

Միևնույն ժամանակ Իրանի Press TV հեռուստաալիքը հաղորդել է, որ երեք նավ է այրվում Օմանի ծոցում՝ Իրանի ափերի մոտ: Այրվող նավերը գտնվում են Հորմուզի նեղուցից ոչ հեռու, որով անցնում է Պարսից ծոցի երկրներից նավթի և գազի արտահանման գլխավոր երթուղին: Հեռուստաալիքը չի նշում միջադեպի պատճառը: Իսրայելի կողմից Իրանի տարածքային ջրերում նավերի վրա հարվածների մասին հաղորդագրություններ չկան:

Մերձավոր Արևելքում իրադրությունը շարունակում է մնալ լարված, Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները չեն դադարում արդեն հինգ օր։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում