Իրան

ՇՀԿ անդամ պետությունները դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը

2 րոպեի ընթերցում

ՇՀԿ անդամ պետությունները դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները լուրջ մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում 2025 թվականի հունիսի 13-ին հասցված հարվածները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Քաղաքացիական թիրախների, այդ թվում՝ միջուկային էներգիայի ենթակառուցվածքների դեմ նման ագրեսիվ գործողությունները, որոնք հանգեցրել են խաղաղ բնակիչների մահվան, միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) կանոնադրության կոպիտ խախտում են, ոտնձգություն են Իրանի ինքնիշխանության նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ։  

ՇՀԿ երկրները նաև ընդգծել են, որ նման գործողությունները վնասում են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը և հղի են լուրջ հետևանքներով համաշխարհային խաղաղության և կայունության համար։  

«ՇՀԿ անդամ պետությունները վճռականորեն աջակցում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորմանը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով»,-ասված է կազմակերպության հայտարարության մեջ։ 

Բացի այդ, ՇՀԿ անդամ պետություններն իրենց անկեղծ ցավակցություններն են հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության ժողովրդին և կառավարությանը։  

«ՇՀԿ անդամ պետությունները, խստորեն հետևելով ՄԱԿ-ի կանոնադրության և ՇՀԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, ՇՀԿ անդամ պետությունների դեմ ուղղված ցանկացած անօրինական գործողություն համարում են անընդունելի և հաստատում են իրենց անսասան հանձնառությունը միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը»,-ասված է հայտարարության մեջ։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում