Իրան

Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

2 րոպեի ընթերցում

Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր գործընկերոջ՝ Ֆուադ Հուսեյնի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։

Իրանական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Հուսեյնը խորին ցավակցություն է հայտնել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների, միջուկային գիտնականների, համալսարանական դասախոսների և քաղաքացիական անձանց նահատակության կապակցությամբ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը դատապարտել ​​Իսրայելի կողմից կատարված այս հանցագործությունը։ 

Ֆուադ Հուսեյնը Իսրայելի հարձակումը անվանել է Իրանի ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։  

«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան լուրջ սպառնալիք է, որը կարող է վտանգել ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,-ընդգծել է Հուսեյնը։ 

Իրանի արտաքին գործերի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր իրաքցի գործընկերոջը, Իրաքի կառավարությանը, այդ երկրի ժողովրդին Իրանի դեմ Իսրայելի հարձակման դատապարտման համար։ 

Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում