Քաղաքականություն

Վարչապետը բարձր գնահատեց Սլովակիայի աջակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման հարցում

3 րոպեի ընթերցում

Վարչապետը բարձր գնահատեց Սլովակիայի աջակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացման հարցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել պաշտոնական այց կատարել Սլովակիա՝ պատասխանելով Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հրավերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության ղեկավարը հայտարարեց պաշտոնական այցով Երևան ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ հանդիպումից հետո՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալով մամուլի համար։

Վարչապետ Փաշինյանը շեշտեց, որ այս հանդիպումը դարձել է արդյունավետ հարթակ՝ երկկողմ օրակարգային հարցերին և հարաբերությունների զարգացման հեռանկարներին անդրադառնալու համար։ 

«Նման բարձրաստիճան փոխայցելությունները նոր կյանք են հաղորդում մեր բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությանը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոյին ինձ ուղղված՝ Սլովակիա այցելելու հրավերի համար։ Ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը, և մենք արդեն հասցրել ենք պայմանավորվել, որ այդ առաջիկա հնարավոր այցը կլինի այս այցի շարունակությունը, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անդրադառնալ այն օրակարգային հարցերին, որոնք արդեն սկսել ենք ձևավորել», – նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի կառավարության ղեկավարը բարձր գնահատեց Սլովակիայի աջակցությունը, որը վերջին տարիներին դրսևորվել է հատկապես Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև հարաբերությունների շրջանակում։

«Պետք է ընդգծեմ, որ այս այցը շատ խոսուն վկայություն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն վարչապետին այն աջակցությունների համար, որոնք վերջին տարիներին Սլովակիան ցուցաբերել է Հայաստանին։ Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, ինչպես նաև՝ Եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի մասնակցության առումով։ Ներկայում ակտիվ բանակցային փուլում է վիզաների ազատականացման գործընթացը Եվրամիության հետ, և մենք շնորհակալ ենք այս հարցում ևս Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար», – ընդգծել է Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ կողմերը որոշել են կենտրոնանալ մի քանի առաջնորդող ուղղությունների վրա, որոնք կարող են նոր հեռանկարներ բացել երկկողմ համագործակցության այլ ոլորտների համար։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում