Հույզեր, արցունքներ, հիշողություններ, հրաժեշտ. Հայաստանի դպրոցներում հնչեց վերջին զանգը
5 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության դպրոցներում մայիսի 23-ին հնչեց վերջին զանգը: Հազարավոր շրջանավարտներ հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախներին՝ մուտք գործելով կյանքի մի նոր փուլ:
«Արմենպրես»-ի թղթակիցը մի շարք դպրոցներում զրուցեց տնօրենների, շրջանավարտների հետ, որոնք միահամուռ կրկնեցին՝ պահն անկրկնելի ու էմոցիաներով լի է:
Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի նորանշանակ տնօրեն Մանուշակ Գաբրիելյանը, ողջունելով և շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց՝ վստահ է, որ յուրաքանչյուր աշակերտ արժանապատվորեն կկրի այս դպրոցի անունը՝ դառնալով հասարակության արժանի, պատասխանատու, հայրենասեր ու հայրենանվեր քաղաքացի։
«Հավատում ենք՝ այստեղ ստացած գիտելիքները, փորձն ու դաստիարակությունը ձեզ կուղեկցեն ձեր ողջ կյանքի ընթացքում՝ առաջնորդելով դեպի նոր նվաճումներ։ Հիշե՛ք, դու՛ք եք մեր երկրի ապագան, և ձեզնով է պայմանավորված լինելու մեր հայրենիքի հզորությունն ու բարօրությունը։
Սիրելի՛ շրջանավարտներ, մաղթում ենք ձեզ անսահման հաջողություն, ուժ և համառություն՝ ձեր նպատակներին հասնելու ճանապարհին։ Սակայն բավական չէ միայն նպատակադրել, պետք է նաև կարողանալ իմաստությամբ ընտրել դեպի նպատակը տանող ճամփան։ Հիշեք՝ ձեր երազանքները կյանքի կոչելը պահանջում է համբերություն, նվիրվածություն և խիզախություն»,- շրջանավարտներին ուղղված իր խոսքում նշեց տնօրենը:
Հուզված ու մեկտեղ շատ հպարտ էր 127 ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ, դասղեկ Արտավազդ Անդրեասյանն, ով աշխատանքային երկարամյա գործունեության ընթացքում հազարավոր երեխաների է ճանապարհել նոր կյանք՝ տալով նրանց գիտելիքներ և կյանքի մեծ փորձ:
«Ամեն տարի շրջանավարտներին հրաժեշտ տալիս նորովի հուզվում եմ, նոր սպասելիքներ ունեմ: Հուսով եմ, որ նոր կյանք մտնող մեր երիտասարդներն այն, ինչ մենք կիսատ ենք թողել, կլրացնեն և կշարունակեն: Որպես դասղեկ՝ նշեմ, որ իմ դասարանը բավականին լավն էր, հպարտորեն կարող եմ ասել, որ 19 աշակերտից 16-ն արդեն ընդունվել են բուհեր»,- ընդգծեց ուսուցիչը:
Հուզմունքն ու խառը զգացողությունները կրկնակի անգամ շատ էին շրջանավարտների մոտ. 127 ավագ դպրոցի շրջանավարտ Էլեն Օրդուխանյանը նշեց՝ մինչ այս պահը չէր պատկերացնում, որ դպրոցն ավարտում է, հիմա արդեն դպրոցը «չթողնելու» ցանկությունը մեծանում է: Էլենն ընդգծեց՝ այս տարիներին հասցրել է շատ դասեր քաղել, գիտելիքներ ստանալ ու շատ ընկերներ ձեռք բերել, որոնք կմնան իր կյանքում:
Շրջանավարտ Դավիթ Մինասյանն էլ շեշտեց՝ այս պահից սկսած շատ պատասխանատու շրջան է սկսվում իրենց կյանքում՝ ավարտում են դպրոցն ու մտնում նոր կյանք, նոր ուսումնական փուլ:
«Շատ մեծ պատասխանատվություն եմ զգում, քանի որ հասկանում եմ՝ արդեն սկսվում է կյանքի ավելի բարդ ու պատասխանատու փուլ, որտեղ ամեն ինչ կախված է ինձից: Կկարոտեմ ամեն ինչ, քանի որ դպրոցի միջավայրն ընդհանրապես նման չէ այլ միջավայրերի»,- խոստովանեց Դավիթը:
Այսօր իրենց հարազատ դպրոցներին, ուսուցիչներին ու ընկերներին հրաժեշտ են տալիս նաև 9-րդ դասարանցիներն, որոնք իրենց ուսումը կշարունակեն ավագ դպրոցներում, քոլեջներում և այլ ուսումնական հաստատություններում:
Ռոբերտ Աբաջյանի անվան 147 հիմնական դպրոցի տնօրեն Մարգարիտա Հովհաննիսյանը, շնորհավորելով շրջանավարտներին, ընդգծեց՝ անկախ նրանից, թե սա որերորդ ավարտական վերջին զանգն է, միևնույն է՝ էմոցիաները տարեցտարի կրկնապատկվում են:
«Ես ուզում եմ, որ անկոր ու անթեք լինի մեր շրջանավարտների ճանապարհը, չերկնչեն կյանքում դժվարություններից ու բարդություններից: Հետևում թողնեն բոլոր խնդիրները և որպես Հայաստանի քաղաքացի՝ կարողանան կերտել իրենց ապագան՝ հիմքում ունենալով իրենց գիտելիքների այն ամուր պաշարը, որը ձեռք են բերել նախորդ տարիների ընթացքում»,- նշեց տնօրենը:
147 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտ Մարի Կոստանդյանը շատ ոգևորված, բայց միևնույն ժամանակ՝ հուզված է. դպրոցում իր ընկերներն են, սիրելի ուսուցիչները, սակայն ամեն ինչ առջևում է: Մարին դեռ հստակ չի որոշել ապագայի անելիքներն ու ուսումը շարունակելու ուղղությունը, բայց վստահ է՝ ճիշտ ընտրություն է անելու:
«Զգացողությունները տարբեր են: Անսովոր է, որ կյանքն ամբողջությամբ փոխվելու է, բայց այն գիտելիքներն ու հասունությունը, որն այս տարիների ընթացքում ձեռք ենք բերել, մեզ մշտապես օգնելու է այդ փոփոխությունները հաղթահարելու հարցում»,- ասաց Մարին:
Համաձայն կրթության կառավարման տեղեկատվական համակարգում առկա տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում 9-րդ դասարանն ավարտում է 39819, իսկ 12-րդ դասարանը՝ 21482 շրջանավարտ։