Տնտեսություն

Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկ հարթակում միավորել է հայ և իրանցի մասնագետներին. շինաշխատանքներն ակտիվ փուլում են

5 րոպեի ընթերցում

Հյուսիս-հարավ ռազմավարական ճանապարհի կառուցումը մեկ հարթակում միավորել է հայ և իրանցի մասնագետներին. շինաշխատանքներն ակտիվ փուլում են

Հյուսիս-հարավ ճանապարհը մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար, որն այդ ճանապարհը դիտարկում է որպես այլընտրանքային՝ շեշտելով նաև դրա տարածաշրջանային նշանակությունը։ Պատահական չէ, որ այսօր Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունը կողք կողքի, համատեղ ջանքերով իրականացնում են հայ և իրանցի շինարարները։  

Նշված հատվածի կապալառուն իրանական «Abad Rahan Pars International Group and Tunnel Sadd Ariana» կոնսորցիումն է։ Որակի տեխնիկական հսկողությունն իրականացնում է խորվաթական «IGH Institute» ընկերությունը, իսկ հեղինակային հսկողությունը՝ իտալական «Այ Առ Դի Ինջենիրինգ և «Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերությունը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 214,4 միլիոն դոլար, Քաջարան-Ագարակ հատվածի նոր երթուղու ընդհանուր երկարությունը մոտ 32 կիլոմետր է։ Շինարարական աշխատանքները նախատեսվել է իրականացնել 2024 -27 թվականներին: Ծրագիրը ներառում է 5 նոր տրանսպորտային հանգույցների, 6 նոր վերգետնյա անցումների, մոտ 920 մետր ընդհանուր երկարությամբ 2 նոր թունելների և 17 նոր կամուրջների կառուցում։

Լրագրողների խումբը ՏԿԵ նախարարության ուղեկցությամբ տեղում ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին և լսեց մասնագիտական կարծիքներ իրականացվող նախագծերի վերաբերյալ։

Իրանական կողմից աշխատանքներն համակարգող Մոին Փուրիազդանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջիկա երկու ամիսների ընթացքում այս հատվածի շինարարությունը կավարտվի։

«Հաշվի առնելով եղանակային լավ պայմանները՝ մենք նախընտրություն ենք տալիս բետոնային շինությունների կառուցմանը։ Աշխատանքները հայ գործընկերների հետ առաջ ենք տանում ամբողջ ծավալով։ Ե՛վ թունելի կառուցման, և՛ ասֆալտապատման աշխատանքների մասով շարժվում ենք ըստ ժամանակացույցի։ Հնարավոր է, որ որոշ տեղերում աշխատանքներն ավարտենք ավելի շուտ։ Այս հատվածի համար նախատեսված առաջին թունելի կառուցման աշխատանքի 95 տոկոսն արդեն արվել է։ Երկրորդ թունելի կառուցման աշխատանքները կմեկնարկեն մայիսի վերջին։ Կատարվել են նախագծային փոփոխություններ, որոնք աշխատանքներին կհաղորդեն ավելի մեծ տեմպ»,- ասաց Փուրիազդանը։  

Տվյալ տեղամաս էր այցելել նաև ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ Նրա կարծիքով՝ Հյուսիս-հարավի կառուցումն իր հետ կբերի խաղաղություն և տնտեսական առումով կնպաստի ոչ միայն մեր երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի բարգավաճմանը։

«Տնտեսության հիմքը նաև ճանապարհներն են ու տրանսպորտային հաղորդակցությունը։ Հյուսիս-հարավը կարող է մեծապես նպաստել ապրանքաշրջանառության և բեռնափոխադրումների ծավալների աճին։ Դա նախևառաջ բխում է մեր երկու երկրների շահերից։ Ճանապարհի այս հատվածը հետագայում երթևեկությունը կդարձնի ավելի հարմարավետ և կկրճատի ծախսվելիք ժամանակը։ Ճանապարհի լայնությունը 6 մետրից կդառնա 17 մետր՝ երթևեկությունը դարձնելով ավելի անվտանգ։ Եթե Հայաստանը շահում է նման նախագծերից, բնականաբար, շահում է նաև Իրանը։ Հայաստանի զարգացումը, բարգավաճումը հենց այն է, ինչ Իրանն է ուզում»,- ասաց դեսպան Սոբհանին։  

Նա հավելեց, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու ակտիվ գործունեության համար անհրաժեշտ է համապատասխան ենթակառուցվածքների առկայություն։ Իրանական կողմում գտնվող «Արաս» տնտեսական գոտու աշխատանքը կարող է օրինակ լինել այդ առումով։  

«Մեղրիի տնտեսական գոտու ակտիվացումը մեծ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Մենք բանակցում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի այդ ծրագիրն իրականացնենք։ Արդեն ավելի քան 300 իրանական ընկերություններ գրանցվել են Հայաստանում և ծավալում են համարժեք գործունեություն։ Նրանք տարբեր ոլորտներում իրականացնում են կարևոր ներդրումներ։ Օրինակ՝ Արմավիր քաղաքում գործում է պողպատի մշակման ընկերություն, որը տեղում գործարան է հիմնել և շուտով այնտեղ կտեղադրվի ամրակների արտադրության համար նախատեսված հոսքագիծը։ Իրանական ընկերությունները Հայաստանում նպաստում են առևտրի զարգացմանը»,- ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։    

Սոբհանին հիշատակեց նաև Երևանում գտնվող իրանական առևտրի կենտրոնի մասին, որտեղ կան 109 տաղավարներ, որոնցում իրանական ընկերությունները ներկայացնում են իրենց ապրանքանին՝ նավթարդյունաբերության տեսականուց մինչև կենցաղային ապրանքներ։ Դիվանագետն ընդգծեց, որ հայկական և իրանական կողմերի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց արդյունքներն ակնառու կլինեն մոտ ապագայում։   

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում