Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանը լուծել է 110-ամյա վաղեմության խնդիրը
4 րոպեի ընթերցում

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում հաշվարկել են փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի նկատմամբ կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող Գագիկ Տեր-Ղազարյանի հեղինակած «On the Kinetic Recession Velocities of Astronomical Objects» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2022, Vol. 28, No. 2, pp. 186–195) գիտական հոդվածը հրապարակվել է «Gravitation and Cosmology» ամսագրում: Հեղինակը սահմանել և հաշվարկել է աստղագիտական մարմինների հեռանալու իրական՝ «կինետիկ» արագությունը, ինչն այդ մարմինների «կարմիր շեղման» ցանկացած արժեքների դեպքում մշտապես մնում է փոքր «վակուումում լույսի տարածման» արագությունից: Նման պարագայում ֆիզիկայի «պատճառականության» հիմնարար սկզբունքն այլևս չի խախտվում։
«Աստղագիտության համար հիմնարար այս խնդիրը միայն մասնավոր դեպքն է ֆիզիկայում գոյություն ունեցող՝ կորագիծ տարածություններում մարմինների «հարաբերական արագությունը» հաշվելու ընդհանուր, առավել բարդ, «դասական» խնդրի։ Դա 1915 թվականից մինչ օրս չլուծված կարևորագույն խնդիր էր Այնշթայնի «Ընդհանուր հարաբերականության տեսության» մեջ:
Խնդրի դժվարությունը պայմանավորված է նրանով, որ տարածության «կորության» առկայությունը պարզապես անհնար է դարձնում մարմնի արագության վեկտորի, այսպես կոչված, «զուգահեռ տեղափոխությունը» այդ տարածության մեջ, առանց որի հնարավոր չէ հաշվել «հարաբերական արագությունը»։ 2023-ին, հաղթահարելով նշված բարդությունը, լուծեցի այդ ընդհանուր խնդիրը կամայական Ռիմանյան տարածության համար»,- նշել է Գագիկ Տեր Ղազարյանը, որն այս մասին «Coordinate-Independent Definition of Relative Velocity in Pseudo-Riemannian Space-Time: Implications for Special Cases» (G.Ter-Kazarian, Gravitation and Cosmology, 2023, Vol. 29, No. 1, pp. 62–73) գիտական հոդված է տպագրել «Gravitation and Cosmology» ամսագրում:
Հոդվածում նա կամայական պսևդո-Ռիմանյան տարածության համար սահմանել և հաշվել է փորձնական մասնիկի «հարաբերական արագությունը» դիտորդի տեսագծի նկատմամբ ընդհանուր դեպքում։
«Որպես դրա կիրառություն՝ այդ արագությունը հաշված է ֆիզիկական մի շարք կարևոր մասնակի դեպքերում՝ Մինկովսկու մետրիկայի համար, կամայական ստացիոնար մետրիկայի համար, երբ փորձնական մասնիկը և դիտորդը հանգստի վիճակում են, համասեռ գրավիտացիոն դաշտի դեպքում, պտտվող կոորդինատական համակարգի համար, Շվարցշիլդի մետրիկայի համար, Կեռի տիպի մետրիկաների համար, Ռոբերտսոն-Ուոլկերի մետրիկայի համար»,- հայտնել է Տեր Ղազարյանը։
Նա հաշվարկել է նաև ֆիզիկական մեծ կարևորություն ունեցող մեկ այլ բնութագրիչ՝ Տիեզերքի ընդարձակման հետևանքով աստղագիտական մարմինների շարժման մեջ ներառվելու չափաբաժինը: