Գիտություն

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թ. դափնեկիրները

Շվեդիայի Գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է 2026 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը շնորհել Անրի Բ. Կագանին և Կենսո Սոաիին՝ «ասիմետրիկ օրգանական սինթեզում ոչ գծային ազդեցությունների և ավտոկատալիզի հայտնագործման համար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Նոբելյան հանձնաժողովը։

Նշվում է, որ որոշ մոլեկուլներ, օրինակ՝ ամինաթթուները, գոյություն ունեն երկու տարբերակով, որոնք միմյանց հայելային պատկերներն են։ Սակայն կենդանի օրգանիզմներում առկա է այդ հայելային պատկերներից միայն մեկը։ Թե ինչպես կարող էր առաջանալ նման քիմիական ասիմետրիան, երկար ժամանակ առեղծված էր քիմիկոսների համար։ Անրի Բ. Կագանին և Կենսո Սոաիին շնորհվել է 2026 թվականի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ այս առեղծվածի լուծումը բացահայտելու համար։

«Անրի Կագանը հայտնաբերել է քիմիական ռեակցիաների կառավարման նոր եղանակ, որը հնարավորություն է տվել ստանալ հայելային պատկերներից մեկի զգալիորեն ավելի մեծ քանակ, քան նախկինում հնարավոր էր համարվում։ Նրա հայտնագործությունը հեղափոխական նշանակություն է ունեցել դեղամիջոցների, բուրավետիչների, բույրերի և նոր նյութերի արտադրության համար քիմիական ռեակցիաներ մշակող գիտնականների համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Կենսո Սոաին մշակել է առաջին քիմիական ռեակցիան, որի արդյունքում ձևավորվել է հնարավոր հայելային պատկերներից միայն մեկը։ Նոբելյան հանձնաժողովը նշում է, որ «բացի հենց կյանքից, նախկինում ոչ ոք չէր կարողացել հասնել նման արդյունքի»։ «Սոաիի ռեակցիան» համարվում է երբևէ իրականացված ամենատպավորիչ քիմիական փորձերից մեկը։

Հոկտեմբերի 6-ին Ֆրենսիս Հալզենին Նոբելյան մրցանակ է շնորհվել Ֆիզիկայի բնագավառում՝ «IceCube նեյտրինոների աստղադիտարանում ունեցած վճռորոշ ներդրման և աստղաֆիզիկական ծագում ունեցող բարձր էներգիայի նեյտրինոների հայտնաբերման համար»։

Հոկտեմբերի 5-ին Նոբելյան մրցանակ է շնորհվել բժշկության բնագավառում՝ «լույսով կառավարվող իոնային անցուղիների և օպտոգենետիկայի վերաբերյալ հայտնագործությունների համար»:

Հոկտեմբերի 8-ին Նոբելյան կոմիտեն կհայտարարի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրին։ Հոկտեմբերի 9-ին կհայտարարվի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը, իսկ հոկտեմբերի 12-ին՝ տնտեսական գիտությունների ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում