Երևանում անցկացվեց հայ-ֆրանսիական հարուստ մշակութային կապերին նվիրված միջազգային գիտաժողով
6 րոպեի ընթերցում

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում ապրիլի 17-ին անցկացվեց «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային առաջին գիտաժողովը։
ԳԱԱ Արվեստի ինստիտուտի կազմակերպած գիտաժողովի պատվավոր հյուրն էր ՀՀ ազգային հերոս, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի անդամ, հայ-ֆրանսիական երաժշտական առնչությունների լեգենդար խորհրդանիշ Հովհաննես Չեքիջյանը, որին ջերմորեն ողջունեցին միջոցառմանը մասնակցած վաստակաշատ գիտնականներն ու երիտասարդ հետազոտողները Հայաստանից, Լիբանանից, Չինաստանից և Ֆրանսիայից:

Մինչ գիտաժողովի մեկնարկն «Արմենպրես»-ի թղթակիցը օրվա թեմայի վերաբերյալ կարճատև զրույց ունեցավ հայ մեծանուն երաժշտի հետ:
«Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն: Ինչ վերաբերում է երաժշտությանը, մենք շատ ենք սիրում ֆրանսիական երաժշտությունը: Նրանք էլ մերն են սիրում: Առհասարակ, հայ-ֆրանսիական մշակութային կապերը բավականին սերտ են: Այսօր քննարկվող թեմաներից մեկը նվիրված է Բեռլիոզին (խմբ. նկատի ունի ֆրանսիացի հռչակավոր կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ Հեկտոր Բեռլիոզին): Սիրով կծանոթանամ քննարկումների ընթացքում հնչող գիտական տեսակետներին և նորություններին»,- ասաց Հովհաննես Չեքիջյանը:

Մաեստրոն հիշեցրեց, որ երիտասարդ տարիքում որոշ ժամանակ բնակվել է Փարիզում, այնտեղ էլ կրթություն է ստացել՝ ավարտել է «Ecole normale de Musique» կոնսերվատորիան: Հովհաննես Չեքիջյանը նշեց, որ անմասն չի մնացել Փարիզի հասարակության նախասիրություններից:
«Ես ինձ որոշ չափով նաև ֆրանսիացի եմ համարում: Փարիզը բոլորի մայրաքաղաքն է»,- արձանագրեց նա:
ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Ասատրյանը բացման խոսքում նշեց, որ իր ղեկավարած գիտական հաստատությունն առաջին անգամ է միացել Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որոնցից մեկն էլ «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» վերտառությամբ միջազգային առաջին գիտաժողովն է։ Այն, ըստ բանախոսի, լինելու է ավանդական և հետայսու միշտ անցկացվելու է ապրիլին՝ միավորելով հայ և օտարազգի գիտնականներին, որոնք ներկայացնելու են հայ-ֆրանսիական արվեստի ուսումնասիրության ասպարեզում իրենց ձեռքբերումները:

Այս տարվա գիտաժողովը մեկօրյա էր. երկու նիստերի ընթացքում ներկայացվեցին 14 զեկույցներ, որոնց հեղինակներն անդրադարձան երաժշտությանը, կերպարվեստին, թատրոնին և ճարտարապետությանը:
«Կոնֆերանսը կազմակերպել ենք, քանի որ այլ ժողովուրդների հետ հայ ժողովրդի ունեցած մշակութային առնչությունների ուսումնասիրությունը Արվեստի ինստիտուտի գիտական հետազոտությունների առանցքում է գտնվել տասնամյակներ շարունակ: Դա նաև սփյուռքագիտության, հայագիտության կարևոր ուղղություններից է: Այս համատեքստում շատ կարևոր է հայ-ֆրանսիական մշակութային առնչությունների ուսումնասիրությունը:
Որոշվել է, որ յուրաքանչյուր կոնֆերանս ունենալու է իր պատվավոր հյուրը. լինելու է մի անհատականություն, որը իր գործունեությամբ կարող է համարվել հայ-ֆրանսիական մշակութային կապերի խորհրդանիշ: Առաջին հյուրին երկար չենք փնտրել, որովհետև միանգամից պարզ էր, որ պետք է լինի աշխարհահռչակ դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը: Մարդ, որը կրթվելով Ֆրանսիայում, ձևավորվելով ֆրանսիական երաժշտական միջավայրում՝ հետագայում իր ստեղծագործական, կատարողական գործունեության ընթացքում պրոպագանդել է ֆրանսիական վոկալ սիմֆոնիկ երաժշտությունը»,- նշեց Աննա Ասատրյանը:
ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանն էլ իր խոսքում նշեց, որ հայ-ֆրանսիական մշակութային կապերը շատ հարուստ են:

«Առաջին հայը Ֆրանսիայում հայտնվել է դեռևս 591 թվականին: 17-րդ դարում Ֆրանսիայում տեղի ունեցավ նշանավոր իրադարձություն՝ հրատարակվեց «Բառգիրք հայոց» հայ-լատինական բառարանը, որն այն ժամանակ չափազանց կարևոր նշանակություն ուներ մշակութային կապերի զարգացման համար: Դրանից կարճ ժամանակ անց Մարսելում ստեղծվեց տպարան, որն աշխատանքի շուրջ 8 տարվա ընթացքում հրատարակեց բավականին ծանրակշիռ աշխատություններ: Իսկ 1855 թվականին լույս տեսավ Ֆրանսիայում առաջին հայերեն պարբերականը՝ «Արևելք»-ը: Ընդհանուր առմամբ, մինչ այսօր Ֆրանսիայում հրապարակված հայերեն պարբերականների թիվն անցնում է 215-ից:
Կուզենայի նշել ֆրանսիական բուհերում ուսանած հայ երևելիներից մի քանիսին՝ Գրիգոր Զոհրապ, Սիամանթո, շուշեցի մեծ գեղանկարիչ Ստեփան Աղաջանյան, քանդակագործ Հակոբ Գյուրջյան և այլոք:

Մեր օրերում մշակութային կապերը միջպետական բնույթ են կրում: Մի փիլիսոփայական դիտարկում. որպեսզի տարբեր երկրների և ժողովուրդների հետ մշակութային կապերն ամուր լինեն, հաղորդակցվենք ու մասնակից դառնանք համաշխարհային մշակույթի զարգացմանը, պետք է ունենանք պետականություն: Մշակույթը պետականության ամրապնդման կարևոր գործիքներից մեկն է»,- ասաց Յուրի Սուվարյանը:

