Գանձաքարի դպրոցն Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հիմնովին վերակառուցվել է և նոր շունչ ստացել

5 րոպեի ընթերցում

Ասիական զարագացման բանկի «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շնորհիվ Երևանի և մարզերի 46 դպրոցում իրականացվում են վերակառուցման կամ ամրակայման աշխատանքներ։ Դպրոցներից 23-ն արդեն իսկ հանձնվել են շահագործման։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողներն այցելեցին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Տավուշի մարզի Գանձաքար համայնքի միջնակարգ դպրոց, որն իր աշխատանքներն արդեն նոր պայմաններում վերսկսել է 2025 թվականի հունվարի 7-ից։ 

«Երկրորդ կիսամյակի դասերը սկսկել ենք այս հրաշալի դպրոցում։ Շինարարությունը տևել է երեք տարի, վեց ամիս։ Շահագործման հանձնելուց հետո 467 աշակերտ և ուսուցչական-տեխնիկական անձնակազմը (67 հոգի) տեղափոխվել է նոր շենք։ Մենք դասընթացը երեք ու կես տարվա ընթացքում կազմակերպել ենք ծանր իրավիճակներում, գյուղի մշակութի տանն ու անհատներից մեկին պատկանող տարածքում, որտեղ երեխաների համար շատ հնարավորություններ չեն եղել, ուսուցումը կատարվել է երկհերթ ռեժիմով, սպորտային դահլիճ չենք ունեցել, սակայն մշակույթի տան բակում իրականացրել ենք մեր աշխատանքները։ Չենք ունեցել նաև նիստերի դահլիճ, բայց գյուղի մշակույթի տան նիստերի դահլիճն օգտագործել ենք նաև դպրոցի նպատակների համար։ Տեղական կառավարման մարմիններն ու համայնքը նշված դժվար ժամանակահատվածում համախմբվել են, ինչն էլ օգնել է հաղթահարել բազում դժվարություններ»,-ասաց տնօրեն Անուշ Մեհրաբյանը։  

Նա տեղեկացրեց, որ նոր շենքում ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելու համար արդեն առկա են բոլոր պայմանները։

«Այն հանգամանքը, որ ի վերջո ունենալու էինք նման կրթական հաստատություն, մեզ ուժ է տվել։ Պատահական չէ, որ այդ ընթացքում որևէ աշակերտ չի տեղափովել Իջևան քաղաք՝ այնտեղ ուսումնառությունը շարունակելու նպատակով։ Բոլորը սպասել են շինաշխատանքների ավարտին։ Այսօր մեր բոլոր դասասենյակներն ու լաբորատորիաները կահավորված են ու հագեցած համապատասխան սարքավորումներով։ Նախկինում ունեցած գույքը պահեստավորել էինք և հիմա նույնպես օգտագործում ենք ուսումնական պրոցեսսւմ։ Մարզասրահն ու նիստերի դահլիճը ևս պատշաճ կերպով կահավորված են։ Մեր երեխաներն այժմ երանելի վիճակում են, և մենք ցանկանում ենք, որ բոլոր դպրոցները գործեն նման ձևաչափով, որովհետև մեր մատաղ սերունդն իսկապես արժանի է սովորել նման պայմաններում»,- ասաց տնօրենը։

Մեհրաբյանը հավելեց, որ նպատակ ունեն դպրոցի տարածքում հաջորդ տարվա գարնանը հիմննել պտղատու այգի, առավել ևս, որ հողատարածքի մակերեսը բավականին մեծ է (2,5 հա)՝ չնայած այն հանգամանքին, որ դպրոցն, այնդուհանդերձ, գտնվում է կանաչ բնության գողտրիկ, դրախտային անկյունում՝ շրջապատված անտառային փարթամ բուսականությամբ։ 

«Նպատակ ունենք հետագայում կառուցել նաև լողավազան և դրսի մարզադաշտում տեղակայել նստատեղեր, որպեսզի պայմանները դառնան ավելի կատարյալ մեր համայնքի երեխաների համար։ Տարբեր տեղերից, շրջկենտրոնից բազմաթիվ կազմակերպություններ ցանկություն են հայտնում իրենց միջոցառումներն անցկացնել մեր դպրոցում։ Մենք սիրով բացում ենք մեր դռները բոլորի առջև։ Արմաթ ինժեներական լաբորատորիայի մարզային փուլի մրցաշարը նույնպես անցկացվեց մեր դահլիճում։ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի հետ հանրապետական բոլոր միջոցառումներն էլ կազմակերպել ենք մեր տանիքի ներքո»,-ոգևորությամբ նշեց Մեհրաբյանը։

Տնօրենը հայտնեց, որ դպրոց են հաճախում նաև իջևանցի երեխաներ, որոնց թիվը սեպտեմբերին կավելանա, քանի որ Իջևանի դպրոցները դեռ չունեն Գանձաքարի ուսումնական հաստատության նման պայմաններ։ 

«Մեր մանկավարժական կոլեկտիվի որակական կազմը բավականին բարձր է, ունենք կամավոր ատեստավորում անցած մի շարք ուսուցիչներ, ինչպես նաև տարակարգ ունեցող մանկավարժներ։ Մեծ ուշադրություն ենք դարձնում օտար լեզուների ուսուցմանը։ Օրինակ՝ մեր անգլերենի մասնագետը 93 տոկոս կամավոր ատեստավորման փուլ է հաղթահարել։ Մեզ մոտ դասավանդում ենք նաև ռուսերեն և ֆրանսերեն։ Որքան շատ աշակերտներ լինեն, այնքան շատ դասարաններ կունենանք։ Բայց հույս ունենք, որ մյուս դպրոցներն էլ այսպես կբարեկարգվեն»,- եզրափակեց Գանձաքար համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենը։       

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ