Եվրախորհրդարանը սառեցված է թողել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը չի կարող վերսկսվել ներկա հանգամանքներում՝ չնայած թուրքական հասարակության զգալի մասի ժողովրդավարական և եվրոպամետ ձգտումներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրախորհրդարանի կողմից մայիսի 7-ին ընդունված զեկույցում։

Զեկույցի հաստատմանը կողմ է քվեարկել 367 եվրապատգամավոր, դեմ՝ 74, ձեռնպահ է մնացել 188-ը:

«Եվրախորհրդարանի պատգամավորները խորապես մտահոգված են Թուրքիայում ժողովրդավարական չափանիշների շարունակական վատթարացմամբ և քննադատական ​​ձայների անդադար ճնշմամբ։ Նրանք դատապարտում են վերջերս տեղի ունեցած խաղաղ զանգվածային ցույցերի կոշտ ճնշումը և հարյուրավոր ցուցարարների հետապնդումը հապճեպ զանգվածային դատական գործընթացների միջոցով՝ առանց քրեական իրավախախտումների որևէ ապացույցի», - նշվում է Եվրախորհրդարանի կոմյունիկեում։

Ինչպես հետևում է փաստաթղթից, «թուրքական կառավարությունը չի կարողացել վերացնել ժողովրդավարության հիմնարար թերությունները», ինչն անհրաժեշտ է Եվրամիությանն անդամակցելու գործընթացում։

Փաստաթղթի համաձայն՝ թուրքական իշխանություններն իրենց գործողություններով «երկիրն էլ ավելի են հրում դեպի լիովին ավտորիտար մոդել»։ 

Զեկույցում ասված է, որ ԵՄ-ին անդամակցությունը կախված է անդամակցության որոշակի չափանիշների կատարումից, ինչպիսիք են «կայուն ինստիտուտները, որոնք երաշխավորում են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, փոքրամասնություններին հարգելն ու նրանց պաշտպանությունը, բարիդրացիական հարաբերությունները, միջազգային իրավունքի պահպանումը և համապատասխանությունը ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության քաղաքականությանը»։

«Սրանք բացարձակ չափանիշներ են, այլ ոչ գործարքային ռազմավարական նկատառումների կամ բանակցությունների ենթակա հարցեր», - հիշեցնում են ԵՄ-ի խորհրդարանականները՝ շեշտելով, որ ԵՄ-ին անդամակցության չափանիշները ենթակա չեն քննարկման։

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին, ԵՄ-ի ինստիտուտներին և միության անդամ պետություններին շարունակել աշխատել «ավելի սերտ, ավելի դինամիկ ու ռազմավարական գործընկերության ուղղությամբ՝ շեշտը դնելով կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործողությունների, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության և տարածաշրջանային կայունության վրա»։

1999 թ. դեկտեմբերին Եվրոպական խորհուրդը Թուրքիային ճանաչեց որպես ԵՄ-ի անդամակցության թեկնածու երկիր։ 2005 թ. հոկտեմբերին սկսվեցին բանակցությունները Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ։ 2018 թվականին ԵՄ խորհուրդը հայտարարեց, որ այդ բանակցությունները կասեցված են։ 

Հայերեն English Русский 中文

Սաուդյան նավթամուղի վրա հարձակումից հետո ԵՄ առաջնորդները մտահոգված են վառելիքի գների աճով

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել