Հունաստանում հրատարակվել է ծավալուն գիրք հակաֆաշիստական դիմադրության մեջ հայերի էական դերակատարության մասին
9 րոպեի ընթերցում

Հույն անվանի գրող Պանտելիս Արապինիսը հրատարակել է ծավալուն գիրք՝ նվիրված Հունաստանում հակաֆաշիստական դիմադրության մեջ հայերի էական դերակատարությանը, որն ամբողջ Եվրոպայում ծավալված դիմադրության շարժման համատեքստում համեմատելի է թերևս ֆրանսահայերի դերակատարության հետ։ Միակ խնդիրն այն է, որ Ֆրանսիայում այն մեծարվել է, իսկ Հունաստանում Երկրորդ աշխարհամարտին հաջորդած քաղաքացիական պատերազմի բովում դիմադրության շարժման մարտիկների ու նահատակների հիշողությունը պատվել է որոշակի մշուշով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նրանց քաջագործությունների ու հիշատակի վերհանմանն է ուղղված «Փախստականների Դուրղուտին` «պարտիզանների քաղաքը». կորուսյալ քաղաքի դեմքը» խոշոր մենագրությունը, որի շնորհանդեսը կկայանա Նեոս Կոզմոսի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Բարեկամության ակումբում մայիսի 12-ին: Հիմնական բանախոսներն են գրքի հեղինակ Պանտելիս Արապինիսը, պրոֆեսոր Պրոկոպիս Պապաստրատիսը, պրոֆեսոր Պոլիմերիս Վոգլիսը, պրոֆեսոր Կոստիս Կարպոզիլոսը: Ողջույնի խոսքով հանդես կգա Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը։
***
Փախստականների ընտանիքից սերող Պանտելիս Արապինիսը ծնվել է Աթենքի հարևանությամբ գտնվող Դուրղուտի բնակավայրում 1950 թվականին: Մանկուց նրան ուղեկցել են անպատասխան հարցերը՝ կապված գերմանական օկուպացիայի ժամանակ ազգային դիմադրության շարժման համատեքստում իր ծննդավայրի և նրա հայ համայնքի դերի ու նշանակության հետ: Այդ հարցերի պատասխանները գտնելու ճանապարհին էլ գրվել է Արապինիսի գիրքը։
Աշխատության թեման բնականաբար առնչվում է Դուրղուտի բնակավայրի պատմությանը՝ սկսած 1919 թվականից, երբ այնտեղ հաստատվեցին ցեղասպանությունից մազապուրծ եղած հարյուրավոր հայեր: Բնակավայրի ժողովրդագրական կազմը վերջնական տեսք ստացավ 1920-ական թվականներին, իսկ 1940 թվականին այնտեղ արդեն ապրում էին 12 000 փախստականներ, որոնց մոտ 70 տոկոսը հայեր էին, հետևաբար այն համարվում էր Հունաստանի ազգային փոքրամասնություններից մեկի մայրաքաղաքը և կոչվում էր Արմենիկա։
Փոքր Ասիայի հույների և հայերի միջև պատմականորեն ստեղծված հարաբերություններն ու ընդհանրությունները, ինչպես նաև մշակութային բազմաթիվ ավանդույթներն ու առանձնահատկություններն ամուր կապեր ստեղծեցին Դուրղուտիի երկու համայնքների միջև: Գրքի հեղինակը հանգամանորեն անդրադարձել է հայերի կենցաղվարությանը, նրանց գործնական ունակություններին, խոհանոցին, խառնվածքին բնորոշ գծերին։ Այնուհետև գրքում ներկայացված են Դուրղուտիի հայկական դպրոցներին ու եկեղեցիներին առնչվող տվյալներ։ Օրինակ՝ 1924-25 թթ․ուսումնական տարում հայ աշակերտների թվաքանակը 450 էր:
Գրքում առանցքային տեղ է զբաղեցնում հայերի և հունական պետության փոխհարաբերությունների թեման։ Հեղինակը հատկապես կենտրոնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հունական դիմադրության շարժման մեջ ընդգրկված Դուրղուտիի հայերի դերակատարության վրա։ Նա մեջբերել է Հունաստանի հետախուզական ծառայության արտաքին գործերի բյուրոյի զեկույցը, որում գրված էր․«1942 թվականից Հայկական կոմունիստական և Հնչակյան կուսակցությունների հետևորդները միացան Ազգային-ազատագրական ճակատին և սերտորեն համագործակցեցին Հունաստանի կոմունիստական կուսակցության հետ։ Մեծ թվով հայեր միացան նաև Հունական ժողովրդական ազատագրական բանակին, որոնցից շատերը եղել են սպաներ։ Իսկ մի մասն էլ համալրեց Ժողովրդական պայքարի պաշտպանության կազմակերպության շարքերը»։
Գրքում հեղինակը վերլուծել է Դուրղուտիում ապրող հայերի անցած սոցիալական և քաղաքական ուղին: Հայությունը հատկապես հպարտանում էր համայնքի այն անդամներով, ովքեր դարձան 1941-1944 թվականների ազգային-ազատագրական պայքարի առաջատար դեմքերը՝ Արամ Գոքչյան, Մկրտիչ Սեֆերյան, Վահրամ Սաքայան, Մինաս Մարտիկյան, Խաչիկ Կոկայան, Համբարձում Ղազարոսյան, Գևորգ Բարեղամյան։ Աշխատության մեջ օգտագործվել են նաև հայկական ձախամետ և կոմունիստական թերթերի ու ամսագրերի նյութերը («Աշխատանք», «Կամք», «Ժողովրդի ձայն», «Նոր կյանք», «Հայոց Գրեր»)։
Հաջորդ գլուխը նվիրված է գերմանական օկուպացիային և Դուրղուտիում հասարակական-քաղաքական ընկալումներին։ 1941-42 թվականներին սաստկացած սոցիալ-տնտեսական վիճակն և սովը ծանր հարված հասցրին տեղի բնակչությանը։ Բայց ի տարբերություն մինչ այդ ձևավորված վարքագծի, երբ փախստականները միայն ակնկալիքներ ունեին իշխանություններից, գերմանական օկուպացիայի շրջանում Ազգային ազատագրական ճակատի և Ազգային համերաշխության կազմակերպության համատեղ գործողությունները ոչ միայն գոյատևման հեռանկարներ էին ստեղծում նրանց համար, այլև բարոյական մեծ ուժ հաղորդեցին դիմադրության շարժմանն ընդդեմ օկուպացիոն վարչակազմի և նրա համախոհների: Դուրղուտիում ձևավորվեց նոր կենսակերպ, մտածելակերպ ու գործելակերպ, վերջապես առաջացավ նոր հավաքական սուբյեկտ՝ նոր ինքնությամբ։
՛Դիմադրության առաջին ակտը տեղի ունեցավ 1941 թվականի մայիսի 31-ին, երբ Մանոլիս Գլեզոսն ու Ապոստոլոս Սանտասը Դուրղուտիին հարակից Ակրոպոլիսից հեռացրին գերմանական դրոշը։ Հատկանշական է, որ նրանց, որպես թիկնապահ, ուղեկցում էր հայազգի Հովհաննես Մկրտչյանը։ Նա ծնվել է 1917 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում, որտեղից Մկրտչյանների ընտանիքը տեղափոխվել էր Հայոց ցեղասպանության ժամանակ, իսկ 1924 թվականին հաստատվել էր Դուրղուտիում։ Նա դարձավ ժողովրդական պայքարի պաշտպանության կազմակերպության նշանավոր դեմքերից մեկը, ով իրականացնում էր ամենակարևոր առաքելությունները՝ ոչնչացնելով բարձրաստիճան դավաճաններին։ Այդ հանձնառությունը նա սովորաբար իրականացնում էր իր մանկության ընկերոջ՝ Սարգիս Փենլեյանի հետ։ Մկրտչյանը գերազանցապես տիրապետում էր հունարենին և գերմաներենին։
1942 թվականի փետրվարի 16-ին հիմնադրված հույն ժողովրդի ազատագրական բանակը հետզհետե թափ հավաքեց և նրա զինված խմբավորումները սկսեցին գործել Մակեդոնիայի ու Թեսալիայի գյուղերում։ Այդ կառույցի մասնաճյուղը Դուրղուտիում ստեղծվեց տեղաբնակ հույների և հայերի համատեղ ջանքերով։ Օկուպացիայի շրջանում ականատես լինելով հատկապես հայերի կատաղի դիմադրությանը՝ գերմանացի զինվորականները հարցնում էին, թե ինչու են նրանք այդպես կռվում, առավել ևս, որ Հունաստանն իրենց հայրենիքը չէ։ Այդ վարքագծի պատճառով էլ Դուրղուտին կոչվեց «Պարտիզանների քաղաք»։ Գրքի հեղինակը հանգամանորեն անդրադարձել է դիմադրության շարժման 94 մարտիկների և նրանց հրամանատարների՝ Անդրանիկ Ղուկասյանի և Կլեանթես Թոսունիդեսի ինքնությանն ու կենսագրական տվյալներին, ինչպես նաև նկարագրել է քաջարի մարտիկների գործողությունները, որոնք ծավալվել են Աթենքի արևելյան պաշտպանական գծի ողջ երկայնքով։
1944 թվականին, ծրագրելով իրենց նահանջը, գերմանացիները որոշեցին կազմակերպել երկու խոշոր բնակավայրերի՝ Դուրղուտիի և Կոկինիայի շրջափակումը։ Մասնավորապես Դուրղուտիում իրականացվեցին բազմաթիվ մահապատիժներ, հրդեհվեցին տներ, շատերն ուղղակի ենթարկվեցին խոշտանգումների ու թալանի։ Ազգային-ազատագրական պայքարի 200-ից ավելի մարտիկներ, այդ թվում՝ բազմաթիվ հայեր նահատակվեցին։ Մոտ 3000 մարդ գերեվարվեց։ Բնական է, որ այդ ամենից հետո դիմադրության վրիժառու շարժումը գործի դրեց իր պատժիչ մեխանիզմները՝ սարսափ տարածելով օկուպանտների վրա։
Գիրքն, ընդհանուր առմամբ, նպատակ ունի լրացնել պատմական հետազոտությունների մեծ բացը` կապված Հունաստանի ազգային-ազատագրական պայքարում հայերի մասնակցության հետ: Հեղինական իր հետազոտությունն իրականացրել է Հունաստանի ազգային հետախուզական ծառայության, Պետական գլխավոր արխիվի, Աթենքի քաղաքապետարանի, Ժամանակակից սոցիալական պատմության արխիվի, Հունաստանի կոմունիստական կուսակցության նյութերի, ինչպես նաև այդ ժամանակաշրջանի հերոսների հուշերի, 1941-46 թթ․հունական և հայկական թերթերի, Հակոբ Մկրտչյանի արխիվային նյութերի, Թաթուլ Թաթուլյանի նամակագրության և վերապրածների վկայությունների հիման վրա։