Հայաստան

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպանը կարևորել է Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի և Թրակիայի մարզպետ Խրիստոդուլոս Տոպսիդիսի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջտարածաշրջանային համագործակցության, տնտեսական կապերի ընդլայնման և փոխկապակցվածության զարգացման հարցեր։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է Հայաստանի և Հունաստանի մարզերի միջև համագործակցության խորացումը՝ մասնավորապես ընդգծելով Շիրակի մարզի և Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի միջև հնարավոր գործընկերության հեռանկարները։

Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման հեռանկարներին։ Քննարկվել են նաև հայկական արտադրանքի՝ եվրոպական շուկաներ արտահանման և այդ գործընթացում հունական ենթակառուցվածքների հնարավոր դերակատարության հարցերը։

Մարզպետ Տոպսիդիսը պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Հայաստանի մարզերի հետ՝ ընդգծելով ԵՄ կողմից ֆինանսավորվող միջտարածաշրջանային ծրագրերին համատեղ մասնակցության լայն հնարավորությունները։ Նա ներկայացրել է նաև մարզի ռազմավարական նշանակությունը, այդ թվում՝ Ալեքսանդրուպոլիի նավահանգստի և օդանավակայանի դերակատարությունը տարածաշրջանային փոխադրումների և լոգիստիկայի ոլորտում։

Զրուցակիցները կարևորել են նաև հայ համայնքի պատմական ներկայությունն ու ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում և պայմանավորվել շարունակել համագործակցության հնարավորությունների շուրջ աշխատանքը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում