Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
1 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի անդամ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը քննարկվել են երկկողմ խորհդարանական հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերը։
Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին ներկայացրել է Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններում արձանագրած ձեռքբերումները, առաջիկայում նախատեսված ծրագրերը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայացած վերջին խորհդարանական ընտրություններին, ինչի համատեքստում Թեոդորոս Ռուսոպուլոսը փոխանցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակը։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը։ Քննարկվել են հարևան երկրների հետ խաղաղության կայացմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը, ինչպես նաև ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը։