Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
«Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ լսելով Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։
We send heartfelt condolences to the families of the victims & the local community as we hear the news about the tragic events at #Vancouver’s Lapu Lapu Day festival.
— MFA of Armenia🇦🇲 (@MFAofArmenia) April 27, 2025
Wishing strength & speedy healing to all affected. @CanadaFP
Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։
Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։
Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։