ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը ոչ մի հարցազրույց չի տվել թուրքական լրատվամիջոցներին, և վերջին ժամանակահատվածում այդ թեմայով տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Չինաստանի դեսպանատնից:
«Չինաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարվող արտաքին քաղաքականությունը հետևողական է և հստակ՝ մենք աջակցում ենք հայկական կողմի ջանքերին՝ ուղղված ազգային անկախության, ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը։ Չինաստանը պատրաստ է շարունակել խորացնել բարեկամական և համագործակցային հարաբերությունները Հայաստանի հետ, համատեղ առաջ մղել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ իրականացումը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների», - նշեցին դեսպանատնից։
Ավելի վաղ որոշ հայաստանյան լրատվամիջոցներ լուրեր էին տարածել այն մասին, թե Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չըն Մինը հանդիպել է թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: