Մշակույթ

Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր. մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում մեկնարկել է «Հայաստանի օրեր. մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող միջոցառումների շարքը

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքում ապրիլի 7-ին մեկնարկել է «Հայաստանի օրեր. մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» խորագիրը կրող երկշաբաթյա միջոցառումների շարքը։ Նույն օրը երեկոյան տեղի է ունեցել միջոցառումների մեկնարկի հանդիսավոր արարողություն, որի ընթացքում ելույթներով են հանդես եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը և միջոցառումների կազմակերպման նախաձեռնության հեղինակ «ARTMONDIA» կազմակերպության նախագահ Անուշ Դուրյան-Ջրբաշյանը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, իր ելույթում Շիրազ Հովակիմյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Գիքելին նախաձեռնության կյանքի կոչմանը ցուցաբերած համակողմանի աջակցության և այդ ձևով նաև Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցության և բարեկամության ուղերձ հղելու համար։ Նա ընդգծել է, որ համեմատաբար փոքրաթիվ հայկական համայնք ունեցող Շարանտոն-լը-Պոնում Հայաստանին նվիրված օրերի անցկացումը Հայաստանի ու Ֆրանսիայի միջև առկա առանձնահատուկ հարաբերությունների և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամության ակնառու դրսևորումներից է։

Բացման պաշտոնական մասին հաջորդել է ֆրանսահայ երգիչ և դուդուկահար Լևոն Խոզյանի, Մարսելի կոնսերվատորիայի դասախոս, դաշնակահար Ժան-Ժակ Բեդիկյանի և պարուհի Շուշան Ագուջյանի մատուցմամբ համերգ-ներկայացումը։

«Հայաստանի օրեր․ մշակութային ճամփորդություն դեպի Հայաստան» միջոցառումների ընթացքում այցելուներին են ներկայացվելու հայկական գորգագործության, երաժշտական ու պարային արվեստները, հայկական խոհանոցը, տեղի են ունենալու Հայաստանին նվիրված գրքերի շնորհանդեսներ։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում