Մշակույթ

ԵԹԿՊԻ-ի դասախոսը դասընթացներ է անցկացրել Բուխարեստի թատրոնի և կինոյի ազգային համալսարանում

2 րոպեի ընթերցում

ԵԹԿՊԻ-ի դասախոսը դասընթացներ է անցկացրել Բուխարեստի թատրոնի և կինոյի ազգային համալսարանում

Էրազմուս+ դրամաշնորհային ծրագրի շրջանակում Բուխարեստի Ի. Լ. Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանում երկշաբաթյա դասընթաց է անցկացրել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս Հարություն Մինասյանը (Բեգ-Վանյան)։ Դասընթացի ընթացքում նա ուսանողներին է փոխանցել իր մասնագիտական փորձը,  գիտելիքները՝ անդրադառնալով ժամանակակից թատերարվեստի մեթոդներին, ռեժիսորական մտածողության զարգացման գործիքակազմին, ինչպես նաև՝ դերասանի վարպետության արդի միտումներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դասընթացն ընդգրկել է տեսական ու գործնական բաղադրիչներ։ Հարություն Մինասյանի (Բեգ-Վանյան) վարած վարժանքները և գործնական աշխատանքները խթանել են մասնակիցների ստեղծագործական ինքնաբացահայտումը։ Այդ ամենն ամբողջացել է ներկայացման տեսքով: 

«Կարևոր էր տեսնել, թե ինչպես են տարբեր մշակութային միջավայրերից ուսանողներն ընկալում ու յուրացնում նորարարական մոտեցումները, ինչպես են դրանք համադրում սեփական փորձառության հետ։ Ինձ համար այս փոխանակումը ոչ միայն ուսուցանելու, այլև սովորելու գործընթաց էր, քանի որ մասնագիտական երկխոսությունը միշտ նոր հեռանկարներ է բացում»,-ասում է Հարություն Մինասյանը։

Նրան տպավորել է մասնակիցների ներգրավվածությունը և նրանց ստեղծագործական մոտեցումն առաջադրված խնդիրներին։ «Մենք փորձեցինք համատեղ գտնել նաև թատերական արտահայտչամիջոցների նոր ձևեր, փորձարկել դասական ու ժամանակակից մեթոդները՝ դրանք համապատասխանեցնելով թատերարվեստի պահանջներին»,-եզրափակում է երիտասարդ դասախոսը: 

Այս փոխանակումը ևս մեկ քայլ է դեպի միջազգային կրթական համագործակցության խորացում՝ ապահովելով հայ թատերարվեստի մոտեցումների տարածումը եվրոպական կրթական միջավայրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում