Թուրքիայում լուրջ բախումներ են տեղի ունեցել Էրդողանի մրցակցի կալանավորմանը հաջորդող ցույցերի ժամանակ
2 րոպեի ընթերցում

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են ամբողջ Թուրքիայում անցկացվող ցույցերին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուն պաշտոնապես կալանավորվել է և մեղադրվել կոռուպցիայի մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։
Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մարտի 23-ին քվեարկության արդյունքում պետք է ընտրվեր որպես Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) թեկնածու 2028 թվականի նախագահական ընտրությունների համար։
Ի պատասխան նրա կալանավորման՝ մարտի 23-ի երեկոյան լուրջ անկարգություններ են տեղի ունեցել, ցուցարարների վրա կրակել են ռետինե փամփուշտներով, նրանց դեմ արցունքաբեր գազ կիրառել:
Ըստ AFP-ի՝ ցույցեր են անցկացվել Թուրքիայի 81 նահանգներից առնվազն 55-ում։
Իմամօղլուն հայտարարել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։
«Ես երբեք չեմ խոնարհվի», - գրել է նա X-ում։
Էրդողանը դատապարտել է ցույցերը և CHP-ին մեղադրել «խաղաղությունը խափանելու և ժողովրդին բևեռացնելու» փորձերի մեջ։
Մարդկանց մեծ բազմությունը Ստամբուլի քաղաքապետարանի առջև հավաքվել է 5-րդ գիշերը շարունակ։ Նրանց առջև ելույթ է ունեցել Իմամօղլուի կինը՝ Դիլեք Քայա Իմամօղլուն։
Իմամօղլուն ձերբակալվել էր մարտի 19-ին ևս 100 անձանց հետ միասին, որոնց թվում են քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ։ Նա պաշտոնապես կալանավորվել է մարտի 23-ին՝ մեղադրվելով հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անօրինական ճանապարհով անձնական տվյալներ գրանցելու և տենդեր կեղծելու մեջ։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Իմամօղլուի պաշտոնավարումը՝ որպես Ստամբուլի քաղաքապետ, կասեցվել է։
BBC-ն նշում է, որ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կայացած ցույցերը դարձել են երկրում ամենազանգվածայինը 2013 թվականին Գեզիի ցույցերից հետո, որոնք սկսվել էին Ստամբուլում՝ տեղի զբոսայգիներից մեկի քանդման պատճառով։