Հաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցություն ցուցաբերելու մեր գործընկերներին. Զախարովան՝ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրում առաջընթացի մասին
1 րոպեի ընթերցում

Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 20-ին ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ընդգծելով, որ դա նշանակալի քայլ է Հարավային Կովկասում երկար սպասված անվտանգության ու զարգացման համար։
«Խաղաղության օրակարգում կան մի շարք կարևոր գլոբալ հարցեր, որոնք լուծման են սպասում, դա ճանապարհային, տնտեսական կապերի ապաշրջափակումն է տարածաշրջանում, դելիմիտացիան և հումանիտար բլոկը։ Հաստատում ենք նաև մեր պատրաստակամությունը բոլոր ուղղություններով աջակցություն ցուցաբերելու մեր գործընկերներին»,- ասել է Զախարովան և ավելացրել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը պատրաստ է մեկնել տարածաշրջան` համապատասխան կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով։