Մշակույթ

Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները

3 րոպեի ընթերցում

Հայտնի են համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթի հաղթողները

Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթում, որն անցկացվել է «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» ֆիլմի շրջանակում, հաղթող են ճանաչվել Երևանի Մուրացանի անվան հ. 18 հիմնական դպրոցի աշակերտ Էլեն Անտոնյանը, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոցի աշակերտ Եվա Ամիրյանը, Սարավանի հիմնական հանրակրթական դպրոցի աշակերտ Արտյոմ Մելքոնյանը և Գյումրու հ․ 40 հիմնական դպրոցի աշակերտ Գայանե Մկրտչյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հաղթողները կկարողանան իրենց ամբողջ դպրոցով կինոթատրոնում անվճար դիտել «Մի անգամ դպրոցում 2․ վերջին պահապանը» կինոնկարը։ Մարզերի դպրոցների պարագայում կազմակերպիչները կապահովեն հաղթող դպրոցների աշակերտների և ուսուցիչների տեղափոխությունը Երևան։ 

«Իսկական հերոսը» մրցույթի մասնակից դպրոցականները գրել են այն մասին, թե ով է իրենց համար իսկական հերոս։ Մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, մարզպետարանների ենթակայությամբ հանրակրթական դպրոցները (4-12-րդ դասարաններ)։ 

Մրցույթի ընթացքը բաժանված է եղել երկու հիմնական փուլի՝ դպրոցական և ընդհանուր։ Յուրաքանչյուր դպրոց հիմնական փուլին ուղարկել է դպրոցական փուլում լավագույնը ճանաչված երկուական շարադրություն։ Միայն հիմնական փուլի համար ստացվել է դպրոցական փուլը հաղթահարած գրեթե 700 շարադրություն։ Պրոֆեսիոնալ ժյուրին կազմված է եղել ոլորտի առաջատար մասնագետներից՝ գրողներ, գրականագետներ, ինչպես նաև ֆիլմի ստեղծագործական անձնակազմը։ 

Մրցույթի պատվավոր ժյուրիի անդամ, դերասան Մկրտիչ Արզումանյանը, որը մրցանակակիրներին հանձնել է պատվոգրերը, ընդգծել է, որ շատ հետաքրքիր շարադրություններ է կարդացել։ «Ձեզնից շատ բան կարելի է սովորել։ Ուրախ եմ, որ կազմակերպվեց այս հրաշալի մրցույթը, որը մեկ անգամ իրականացվել էր։ Կարծում եմ՝ առիթ կլինի նաև երրորդ անգամ կազմակերպել համահայաստանյան շարադրությունների մրցույթ»,-նշել է նա։

Մրցույթի կազմակերպիչ, պրոդյուսեր Վահան Գրիշկյանն էլ շնորհակալություն է հայտնել մրցույթի աջակիցներին ու հատկապես ժյուրիի անդամներին, բոլոր այն աշակերտներին, որոնք մասնակցել են մրցույթին։

Համահայաստանյան «Իսկական հերոսը» շարադրությունների մրցույթն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում