Արդեն ուրվագծվել են Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության ոլորտային ուղղությունները
3 րոպեի ընթերցում

Արդեն ուրվագծվել են Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության ոլորտային ուղղությունները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Սևան համայնքի ավագանին 2025 թվականի մարտի 12-ին տեղի ունեցած նիստում արդեն վավերացրել է Հայաստանի Հանրապետության Սևան և Հունգարայի Հանրապետության Բալատոնալմադի քաղաքների միջև Բալատոնալմադի քաղաքում 2025 թվականի փետրվարի 26-ին ստորագրված «Քույր քաղաքներ համագործակցության Հուշագիրը»:
«Հուշագրում ամրագրված են այն ուղղությունները, որոնք դառնալու են երկու քաղաքների միջև ակտիվ և արդյունավետ համագործակցության առանցքը։ Այդ ուղղություններն են՝ Համայնքային ծառայությունների տրամադրման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հետ կապված փորձի փոխանակում և համագործակցություն, անհատների և համայնքային հաստատությունների միջև շփումների ակտիվացում, այդ թվում՝ մշակութային, սպորտային-երիտասարդական, զբոսաշրջային և կրթական ոլորտներում, գործարար համաժողովների, ցուցահանդեսների, փառատոների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և տնտեսվարողների միջև առևտրի և տնտեսական հարաբերությունների զարգացում, շրջակա միջավայրի պաշտպանություն, թափոնների կառավարում, էկոլոգիապես մաքուր արդյունաբերության զարգացում, էներգաարդյունավետության բարձրացման, կանաչապատ տարածքների ընդլայնում և պահպանություն, քաղաքային ենթակառուցվածքների զարգացում, ոչ ֆորմալ կրթական և մշակութային հարթակների ստեղծում և երիտասարդների փոխանակման ծրագրերի իրականացում:
Հուշագրում ամրագրված ուղղությունների և ոլորտների քննարկման նպատակով Բալատոնալմադի քաղաքում Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը, Հունգարիայի խորհրդարանում Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Հակոբյանը և Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը հանդիպել են Բալատոնալմադի քաղաքի քաղաքապետ Լասլո Բերչենյիին և ավագանու անդամներին, որի ժամանակ ուրվագծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախագծվել են հետագա անելիքները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: