Հայաստան

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

10 րոպեի ընթերցում

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

 

 

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ արագացնելու կենսաբազմազանության պահպանության ոլորտում ստանձնած հանձնառությունների կատարումը և միջազգային համագործակցությունը վերածելու չափելի արդյունքների։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովի բացման արարողության ժամանակ։

Վարչապետը, ողջունելով պատվիրակներին և Հայաստանի օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունների ներկայացուցիչներին, ընդգծել է, որ Երևանը դառնում է համաշխարհային երկխոսության և համատեղ պատասխանատվության կենտրոն։

«Կենսաբազմազանությունը միայն բնության հարստությունը չէ։ Այն մեր կյանքի, առողջության, պարենային և ջրային անվտանգության, կայուն զարգացման և ապագա սերունդների բարեկեցության հիմքերից մեկն է։ Բնության վիճակն անմիջականորեն անդրադառնում է մարդկանց կյանքի վրա, իսկ էկոհամակարգերի խաթարումը կարող է խորացնել մեր հասարակությունների առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներ, որոնք պահանջում են գիտական հենքի, քաղաքական կամքի, միջազգային համագործակցության և հասարակության լայն մասնակցության համադրում»,– նշել է Փաշինյանը։

Նա շեշտել է, որ Հայաստանն իր պատասխանատվությունն է ստանձնում այս ընդհանուր գործում։ Վարչապետի խոսքով՝ Հայաստանի բնական ժառանգությունը՝ Սևանա լճից մինչև անտառային ու լեռնային էկոհամակարգերը, հիշեցնում է, որ բնության պահպանությունը պահանջում է շարունակական աշխատանք, պատասխանատու կառավարում և երկարաժամկետ մտածողություն։

Անդրադառնալով COP17-ի նախագահության նպատակներին՝ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ։ 

«Մեր նպատակը նոր հանձնառությունների ստանձնելուն զուգահեռ, արդեն իսկ առկա հանձնառությունների կատարումն արագացնելը, համագործակցության նոր հնարավորություններ ստեղծելը և յուրաքանչյուր երկրի ու գործընկերոջ ներդրումն առավել արդյունավետ դարձնելն է՝ հանուն կենսաբազմազանության պահպանության և վերականգնման»,- ասել է նա։

Վարչապետն անդրադարձել է նաև բնության նկատմամբ տասնամյակներով ձևավորված մոտեցումները փոխելու անհրաժեշտությանը։

«Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե, կարծես, բնությունն անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և, ի վերջո, ամբողջությամբ ենթարկել մեզ։ Բայց բնությունն այդպես չի գործում։

Բնակավայրերը հեղեղող ջրհեղեղները, անտառները ոչնչացնող հրդեհները, էկոհամակարգերի շարունակական քայքայումը և տեսակների անհետացումը մեզ հիշեցնում են մեկ հիմնարար ճշմարտություն՝ մարդու բարեկեցությունն ու էկոհամակարգերի առողջությունը անբաժանելի են միմյանցից»,– ընդգծել է նա։

Փաշինյանի խոսքով՝ հենց այս համոզմունքով Հայաստանն ընդառաջ COP17-ին Երևանում համախմբել է առաջնորդներին և հասարակության տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ միասնական տեսլական ձևավորելու և ընդհանուր հանձնառությունն ամրապնդելու համար։

«Մեր ուղերձը հստակ էր՝ կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի առաջնահերթությունների շարքում, իսկ ստանձնած պարտավորությունները պետք է արտահայտվեն կոնկրետ քայլերով և շոշափելի արդյունքներով։

Այսօր մենք այդ ուղերձը բերում ենք COP17՝ այն համատեղ գործողությունների վերածելու պատրաստակամությամբ և վերահաստատելով մեր վճռականությունը՝ անցնելու հանձնառություններից դրանց լիարժեք իրականացմանը»,– ասել է վարչապետը։

Նա շնորհակալություն է հայտնել COP17-ի կազմակերպման և անցկացման կոմիտեին, որը համախմբել է պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, քաղաքացիական հասարակության և շահագրգիռ մյուս կառույցների ջանքերը։ Փաշինյանը բարձր է գնահատել շրջակա միջավայրի ու արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունների համատեղ աշխատանքը, նվիրվածությունն ու սերտ համագործակցությունը։

Վարչապետը երախտագիտություն է հայտնել նաև Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարությանը՝ համագործակցության և համաժողովի կազմակերպմանն ուղղված աշխատանքի համար՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել Երևանում համատեղ նոր քայլ կատարել կենսաբազմազանության պահպանման և Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ճանապարհին։

Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակներին, բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներկայացուցիչներին, գիտական հանրությանը, կանանց ու երիտասարդներին, քաղաքացիական հասարակության, գործարար և ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներին՝ Հայաստանի նկատմամբ վստահության և Կոնվենցիայի պատմության այս հանգրվանը համատեղ կերտելու պատրաստակամության համար։

Անդրադառնալով միջազգային հանրության ձևավորած համագործակցությանն ու ընդհանուր պատասխանատվությանը՝ Փաշինյանը շեշտել է, որ բնության պահպանության և նրա հետ ներդաշնակ ապրելու գլոբալ տեսլականն արդեն սահմանված է, և եկել է այն գործի վերածելու ժամանակը։

«2022 թվականին ընդունված Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանեց մեր ընդհանուր նպատակներն ու դրանց հասնելու ուղենիշերը։ Այժմ եկել է այդ տեսլականը գործի վերածելու ժամանակը։ Մինչև 2030 թվականը մնացել է ընդամենը չորս տարի, և մեր հաջողությունը կախված է նրանից, թե որքան հետևողականորեն կկարողանանք մեր ստանձնած հանձնառությունները վերածել կոնկրետ գործողությունների, իսկ գործողությունները՝ չափելի արդյունքների։

Հենց սա է Երևանի համաժողովի առանցքային առաքելությունը՝ համատեղ գնահատել արձանագրված առաջընթացը, հստակեցնել դեռևս առկա բացերը և համաձայնեցնել այն առաջնահերթ գործողությունները, որոնք թույլ կտան մեզ առավել հետևողականորեն և արդյունավետորեն առաջ շարժվել՝ մեր ստանձնած հանձնառությունները վերածելով իրական փոփոխությունների»,– հայտարարել է վարչապետը։

Նրա գնահատմամբ՝ դեպի 2030 թվականը տանող ճանապարհը հասել է վճռորոշ հանգրվանի․ արձանագրված արդյունքների և առաջընթացի հետ մեկտեղ պահպանվում է հավակնությունների ու դրանց իրականացման միջև զգալի անջրպետը։

«Հենց այս փուլում է, որ առաջնորդությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն։ Ու թող Երևանը հիշվի ոչ միայն որպես մեր արձանագրած առաջընթացն ամփոփելու հանգրվան, այլև որպես այն վայրը, որտեղ մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը և վճռականությունը՝ ստանձնած պարտավորությունները լիարժեք կյանքի կոչելու համար և նախանշեցինք այն ուղին, որը ապահովելու է Գլոբալ շրջանակի արագացված իրագործումը մինչև 2030 թ․»,– նշել է Փաշինյանը։

Վարչապետն ընդգծել է, որ որևէ կառավարություն, որքան էլ կարողունակ լինի, չի կարող այս խնդիրները լուծել միայնակ։ Անհրաժեշտ է պետական կառավարման տարբեր մակարդակներում ու ոլորտներում համագործակցություն, ինչպես նաև քաղաքների ու համայնքների, բնիկ ժողովուրդների, կանանց ու երիտասարդների, գիտական հանրության, գործարար ու ֆինանսական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներգրավվածություն։

«Նրանց ներգրավվածությունը չպետք է սահմանափակվի սոսկ մասնակցությամբ․ նրանք պետք է լինեն մեր ընդհանուր նպատակի իրական գործընկերները՝ փոփոխությունների նախաձեռնողներն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գործողությունների առաջմղող ուժը։

Հենց այս համոզմունքով է Հայաստանը ստանձնում իր պատասխանատվությունը՝ առաջնորդվելով թափանցիկության, ներառականության և յուրաքանչյուր ձայնի նկատմամբ հարգանքի սկզբունքներով, ինչպես նաև գիտակցմամբ, որ միջազգային համագործակցության իրական արժեքը դրսևորվում է այն ժամանակ, երբ համատեղ ստանձնած հանձնառությունները գործնականում կյանքի են կոչվում»,– շեշտել է նա։

Եզրափակելով ելույթը՝ Փաշինյանը վերահաստատել է համատեղ աշխատանքում Հայաստանի լիարժեք ներդրումն ապահովելու պատրաստակամությունը։

«Դեպի 2030 թվական ճանապարհն արդեն սկսված է։ Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք։ Հայաստանը պատրաստ է իր լիարժեք ներդրումն ունենալ այս ընդհանուր ջանքերում և աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ ապահովելու, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները դառնան հետևողական գործողությունների հիմք և հանգեցնեն իրական, երկարաժամկետ արդյունքների՝ ի նպաստ կենսաբազմազանության պահպանության և վերականգնման։

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան։

Թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության։

Սա նշանակում է գործել հանուն բնության՝ «Taking Action for Nature»։

Այս խոսքերով ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին 2026 թ․ համաժողովը՝ COP17-ը և կոնվենցիայի արձանագրությունների հանդիպումները հայտարարում եմ բացված»,– հայտարարել է վարչապետը։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում