Հայաստան

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

7 րոպեի ընթերցում

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

 

Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ օգնելու պետություններին վստահություն կառուցելու, տարբերությունները հարթելու և ընդհանուր օրակարգն առաջ մղելու գործում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ Երևանում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հարցերով համաժողովի բացման արարողությանը։

Միրզոյանն ընդգծել է, որ համաժողովն անցկացվում է միջազգային հարաբերություններում խորքային փոփոխությունների պայմաններում, երբ աշխարհաքաղաքական լարվածությունը, տնտեսական անորոշությունն ու ազգային առաջնահերթությունների միջև մրցակցությունն ավելի մեծ ճնշում են գործադրում միջազգային կառույցների և համագործակցության մեխանիզմների վրա։

«Այս պայմաններում Միավորված ազգերի կազմակերպությունը, համապատասխան այլ միջազգային կառույցները և բազմակողմանիության սկզբունքները շարունակում են պահպանել իրենց առանցքային նշանակությունը՝ ապահովելով այնպիսի հարթակ, որտեղ պետությունները, անկախ իրենց ռեսուրսներից, կարողություններից կամ քաղաքական տարաձայնություններից, կարող են փոխգործակցել հավասար հիմունքներով, համադրել տարամետ շահերը և համատեղ հետամուտ լինել ընդհանուր նպատակների իրագործմանը»,– նշել է նախարարը։

Միրզոյանի խոսքով՝ արդյունավետ բազմակողմանիությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Հայաստանը կարևորում է պետությունների ինքնիշխան հավասարությունը, ներառական երկխոսությունը և միջազգային կառույցների՝ անդամների կարիքներին ու առաջնահերթություններին արձագանքելու կարողությունը։

Նա Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան բնորոշել է որպես նման համագործակցության կարևոր օրինակ՝ նշելով, որ ավելի քան երեք տասնամյակների ձեռքբերումները վկայում են պետությունների՝ ազգային առանձնահատկությունների բազմազանությունը համադրելով ընդհանուր նպատակներ սահմանելու կարողության մասին։

Անդրադառնալով 2022 թվականին ընդունված Կունմին–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին՝ նախարարը շեշտել է ստանձնած պարտավորությունները գործնական քայլերով իրականացնելու անհրաժեշտությունը։

«Այժմ նպատակն այն է, որ ստանձնված պարտավորությունները զուգորդվեն հետևողական ներգրավվածությամբ և գործնական իրականացմամբ: ՄԱԿ Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նստաշրջանը՝ COP17-ը, մասնավորապես՝ հավաքական առաջընթացի առաջին Գլոբալ վերանայման միջոցով, հնարավորություն է ընձեռում դիտարկելու, թե ինչպես է միջազգային հանրությունը կատարում այս պատասխանատվությունը: Հայաստանի որոշումը՝ հյուրընկալելու COP17-ը և առավել ևս անցկացնելու Կենսաբազմազանության հարցերով Առաջնորդների գագաթնաժողովը, արտացոլում է մեր հանձնառությունն՝ ակտիվորեն նպաստելու այս միջազգային գործընթացներին և ստանձնելու դրանց ուղեկցող պատասխանատվությունը»,– հայտարարել է Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է, որ կենսաբազմազանության պաշտպանությունը Հայաստանի համար նաև անմիջական ազգային նշանակության հարց է։ Երկրի բազմազան լանդշաֆտներն ու էկոհամակարգերը բնական ժառանգության կարևոր մասն են և պահանջում են պատասխանատու պաշտպանություն ու պահպանում։ Նրա խոսքով՝ COP17-ի հյուրընկալումը հնարավորություն է տալիս ազգային այս պատասխանատվությունը կապել բնության պաշտպանության ու վերականգնման համաշխարհային ջանքերում Հայաստանի ներդրման հետ։

Միրզոյանը նշել է, որ համաժողովի նախապատրաստական աշխատանքներում հայկական կողմն առաջնորդվել է նախագահության՝ թե՛ ինստիտուցիոնալ, թե՛ դիվանագիտական պատասխանատվության գիտակցմամբ։

«Մենք նախագահությունը չենք դիտարկում որպես ինքնանպատակ, այլ որպես հնարավորություն՝ օգնելու Կողմերին վստահություն կառուցելու, տարբերությունները հարթելու և ընդհանուր օրակարգն առաջ մղելու գործում։

Լիահույս ենք, որ այն երկխոսությունը, որի խթանմանը շարունակելու ենք նպաստել ինչպես Համաժողովի, այնպես էլ առաջիկա երկու տարվա նախագահության ընթացքում, կնպաստի այնպիսի որոշումների ընդունմանը, որոնք հաշվի կառնեն բոլոր Կողմերի շահերը և կնպաստեն մեր ընդհանուր նպատակների առաջմղմանը»,– ասել է նա։

Նախարարը ներկայացրել է նաև այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է Հայաստանը նախագահության ընթացքում։

«Մենք առաջնորդվելու ենք անկողմնակալության, ներառականության և Կոնվենցիայի միջկառավարական բնույթի նկատմամբ հարգանքի սկզբունքներով։ Գիտակցում ենք, որ նախագահության դերը բանակցությունների ընթացքին նպաստելը և ընդհանուր եզրերը վերհանելն է, մինչդեռ բովանդակային հարցերի վերաբերյալ որոշումների ընդունումը և համապատասխան գործողությունների իրականացումը շարունակում են մնալ Կողմերի հավաքական պատասխանատվությունը»,– ընդգծել է Միրզոյանը։

Նա անդրադարձել է նաև կենսաբազմազանության, կլիմայի փոփոխության, պարենային անվտանգության և կայուն զարգացման փոխկապակցվածությանը՝ նշելով, որ կենսաբազմազանության նշանակությունը միջազգային օրակարգում շատ ավելի լայն է, քան շրջակա միջավայրի պաշտպանությունը։

«Մի ոլորտում ընդունված որոշումներն ավելի ու ավելի մեծ ազդեցություն են ունենում մյուս ոլորտների վրա՝ ստեղծելով ինչպես հնարավորություններ, այնպես էլ մարտահրավերներ ազգային քաղաքականությունների և միջազգային համագործակցության համար։ Սա պահանջում է առավել սերտ համակարգում այս ոլորտների միջև և ավելի մեծ ուշադրություն մեր ստանձնած հանձնառությունների իրականացման ընթացքում դրանց փոխկապակցվածության նկատմամբ»,– նշել է նախարարը։

Եզրափակելով ելույթը՝ Միրզոյանը վերահաստատել է փոխադարձ հարգանքի և համագործակցության ոգով աշխատելու պատրաստակամությունը՝ համաժողովում շոշափելի արդյունքների հասնելու համար։ Նա շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ու մասնակիցներին՝ Երևան ժամանելու համար՝ մաղթելով արդյունավետ քննարկումներ և հաճելի կացություն Հայաստանում։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում