Միացյալ Նահանգներ

Չինաստանը կարող է 10% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար. Global Times

3 րոպեի ընթերցում

Չինաստանը կարող է 10% մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից գյուղատնտեսական արտադրանքի համար. Global Times

Չինաստանը դիտարկում է ԱՄՆ-ից գյուղատնտեսական և պարենային արտադրանքի ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Global Times թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել է, որ այդ միջոցները կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սակագնային քաղաքականության պատասխանը։ 

«Եթե Միացյալ Նահանգները պնդի միակողմանի մաքսատուրքերի սահմանումը և պաշտոնապես հայտարարի համապատասխան միջոցների մասին, ապա Չինաստանն անպայման կձեռնարկի վճռական, հզոր հակամիջոցներ», - ասել է աղբյուրը։

Բացի լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելուց, Չինաստանը կարող է հայտարարել այլ պատասխան միջոցների մասին, որոնք կապված չեն մաքսատուրքերի հետ, հավելել է աղբյուրը։

Ի պատասխան Global Times-ի այս հրապարակման՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակը մարտի 3-ին հայտարարել է, որ Պեկինը կտրուկ դեմ է լրացուցիչ 10% մաքսատուրքերի սահմանմանը, որն ԱՄՆ-ն պատճառաբանում է երկիր ֆենտանիլի հոսքով։ 

Փետրվարի 1-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ապրանքների համար բարձրացված մաքսատուրքերի մասին։ Չինաստանից ներմուծման 10 տոկոսի չափով մաքսատուրքերն ուժի մեջ են մտել փետրվարի 4-ին, իսկ կանադական ու մեքսիկական արտադրանքի համար մեկ ամսով հետաձգվել են այդ երկրների ղեկավարության հետ բանակցությունների պատճառով։ Ավելի ուշ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ մարտի 4-ից Չինաստանի նկատմամբ կսկսեն գործել ապրանքների ևս մեկ փաթեթի համար մաքսատուրքեր, որոնց դրույքաչափը, ինչպես նախորդի դեպքում, կկազմի 10%։

Փետրվարի 10-ին ՉԺՀ-ն որպես պատասխան միջոց սահմանել է 15%-ի չափով լրացուցիչ մաքսատուրք ԱՄՆ-ից ածխի և հեղուկ բնական գազի ներմուծման համար, 10%-ի չափով՝ նավթի, գյուղատնտեսական տեխնիկայի, մեծ ծավալի շարժիչով ավտոմեքենաների և պիկապների համար:

Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև ապրանքաշրջանառությունը 2024 թվականի արդյունքներով հասել է 688,28 միլիարդ դոլարի: Ընդ որում, ԱՄՆ-ից Չինաստան մատակարարումները կազմել են 163,62 միլիարդ դոլար՝ գրեթե երեք անգամ պակաս, քան Չինաստանից ԱՄՆ արտահանումը: Ամերիկյան մատակարարումների ավելի քան 15%-ը բաժին է ընկել  գյուղատնտեսական արտադրանքին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում