Թուրքիա

Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

2 րոպեի ընթերցում

Վրաստանի արտգործնախարարը պաշտոնական այցով Թուրքիայում է

Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին պաշտոնական այցով Թուրքիայում է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից։

Այցի շրջանակներում Բոճորիշվիլին հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

«Թուրքիան Վրաստանի համար կարևոր գործընկեր է: Սրանով, փաստորեն, կավարտի հարևան երկրներ այցելությունների շարքը: Սա իմ առաջին այցն է Անկարա որպես արտգործնախարար: Իհարկե, ես սպասում եմ նախարար գործընկերոջ հետ հանդիպմանը», - հայտարարել էր նա այցից առաջ:

Ըստ Բոճորիշվիլիի՝ Թուրքիան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների ակտիվ մասնակիցն է, ուստի շատ կարևոր է հարևան երկրի հետ երկխոսություն վարել տարբեր հարցերի շուրջ, ներառյալ տարածաշրջանային ընթացիկ իրադարձությունների։

«Թուրքիայի հետ երկկողմ ռազմավարական գործընկերությունից բացի, մենք երկու երկրների միջև քննարկելու շատ կարևոր հարցեր ունենք, որոնք պետք է դրական դեր խաղան մեր տարածաշրջանի հետագա զարգացման գործում», - ընդգծել է Բոճորիշվիլին։

Վրաստանը և Թուրքիան ռազմավարական գործընկերներ են: Երկրները դիվանագիտական ​​հարաբերություններ են հաստատել 1992 թ. մայիսի 21-ին։ Պետությունները համագործակցում են առևտրի, տնտեսության, էներգետիկայի, տարածաշրջանային անվտանգության և կրթության ոլորտներում։

Թուրքիան առաջին տեղն է զբաղեցնում Վրաստանի խոշոր առևտրային գործընկերների շարքում։ Հարևան երկրի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 2,3 միլիարդ դոլար՝ 6,5 տոկոսով ավելի 2023 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ։ Վրաստանի ընդհանուր առևտրաշրջանառության մեջ Թուրքիայի բաժինը կազմում է 13,9 տոկոս։

Հունվարի 30-ին Բոճորիշվիլին այցելել էր Հայաստան։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում