Հայաստանից ապրանքների արտահանման առաջատար շուկան 2024-ին եղել է ԱՄԷ-ն. տնտեսագետն անդրադարձել է պատճառներին
6 րոպեի ընթերցում

Հայաստանը 2024 թվականին ամենաշատ արտահանում է իրականացրել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ շուրջ 5 մլրդ 254 մլն 941.5 հազար դոլարի: Թեև ծավալներով երկրորդ տեղում Ռուսաստանն է, սակայն դեպի ՌԴ արտահանումը նվազել է: Երրորդ տեղում Չինաստանն է:
Տնտեսագետ Արմեն Քթոյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է պատճառներին:
Հայաստանից արտահանումը 2024-ին կազմել է 13 մլրդ 92 մլն 206.2 հազար դոլար: Արտահանման ծավալներով առաջատար է եղել Արաբական Միացյալ Էմիրությունները: 2024-ին Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 5 մլրդ 254 մլն 941.5 հազար դոլարի ապրանք՝ 2023-ի նկատմամբ աճելով 2.4 անգամ:
«Ըստ էության, Էմիրությունների այս արդյունքը ոսկու, ընդհանրապես թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների հոդվածով գործարկվող այն սխեմայի արդյունքն է, որը ներառում է ՌԴ-ից ներմուծում, մասնակի վերամշակում և արտահանում Էմիրություններ: Ըստ էության, այդ սխեմայի արտացոլումն ենք տեսնում: Նույն տրամաբանությամբ Ռուսաստանից ներմուծումն ավելի քան 2 անգամ ավելացել է՝ գերազանցելով 2 մլրդ դոլարը՝ այն դեպքում, երբ արտահանումն ընդամենը 3 մլրդի կարգի է և որոշակիորեն նվազել է»,-ասաց Քթոյանը:
Նա նկատեց՝ Հայաստանից 2024-ին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից իրերի արտահանումը եղել է շուրջ 8 մլրդ դոլարի, ներմուծումը՝ շուրջ 7.4 մլրդ դոլարի: «Այսինքն՝ մեր առևտրաշրջանառության մի զգալի մասը՝ ավելի քան 15 մլրդ դոլարը, բաժին է ընկնում հենց այս ապրանքախմբին»,–նշեց տնտեսագետը:
Նա նշեց՝ ԱՄԷ ուղղվող ոսկու մասնակի վերամշակում Հայաստանում արվում է, սակայն հզորությունները մեծ չեն: «Էմիրաթներ մեր արտահանումը շատ փոքր է եղել: Տարբեր տարիներին 70, 100 150 մլն դոլարի կարգի է եղել և համադրելի չէ այն ծավալների հետ, որն այսօր ենք տեսնում: Մենք ունենք որոշ ապրանքախմբերի արտահանում, բայց հիմա ընդհանուր կառուցվածքի մեջ դա այս ծավալի 2-3 տոկոսն է»,-ասաց Քթոյանը:
Ըստ նրա՝ թեև դրա ավելացված արժեքն այդքան էլ մեծ չէ, այն, ինչ մնում է երկրում, այդքան էլ նշանակալի չէ, սակայն որոշ ցուցանիշների՝ արտաքին առևտրի, մեծածախ առևտրի պարագայում թույլ է տալիս արձանագրել ցուցանիշների էական բարելավում, թույլ է տալիս արձանագրել տնտեսական ակտիվություն: «Սակայն շատ ավելացված արժեք սա չի ստեղծում: Եվ չի կարելի ասել, թե այս թվի աճը Հայաստանի մրցակցային առավելությունների, մրցունակության աճի արդյունք է: Էմիրությունների շուկան մեզ համար կարող է հեռանկարային լինել՝ զարդեղենի առումով: Եվ այստեղ անելիք կա նույն շուկայում՝ բայց ավելի շատ ավելացված արժեք ստեղծելով»,-ասաց տնտեսագետը:
Նա ընդգծեց՝ ԱՄԷ-ն Հայաստանի համար ամենահետաքրքիր շուկաներից մեկն է, որտեղ բարդ է մտնել, ու պետք է ջանքեր գործադրել:
Ռուսաստան արտահանումը նախորդ տարի նվազել է 10.7 տոկոսով՝ կազմելով 3 մլրդ 161 մլն 991.8 հազար դոլար, սակայն ծավալներով Ռուսաստանը երկրորդ տեղում է: Տնտեսագետը նվազման համար մի քանի գործոն է տեսնում: Դրանցից մեկը ավտոմեքենաների գործոնն է: «Մի որոշակի ժամանակահատված Հայաստանից Ռուսաստան երրորդ երկրներից ավտոմեքենաների վերաարտահանում էր տեղի ունենում: Այդ հնարավորություններն էապես սահմանափակվեցին: Այսօր ավտոմեքենաների առևտուրը կազմում է այդ պիկային ժամանակահատվածի ընդամենը 20 տոկոսը: Հիմնական ազդեցությունը դա է թողել»,-ասաց նա:
Ըստ Քթոյանի՝ հիմա նաև պետք է հասկանալ, որ ռուսական շուկայում հայկական ընկերությունների համար տեղ զբաղեցնելը կամ նոր մուտք գործելը բավականին դժվարացել է, փոխվում են շուկայական իրադրությունը, պահանջները, բնակչության կենսամակարդակը, և դրանով պայմանավորված՝ սպառողական վարքագիծը: «Ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված՝ հայաստանյան արտադրության ապրանքները ռուսական շուկայում թանկանում են, ինչը ևս հարվածում է մրցակցային դիրքերին»,-նշեց տնտեսագետը:
Նա հավելեց՝ ռուսական շուկայում հայաստանյան ապրանքները՝ խմիչքը, կոնյակը կամ մրգերը նախատեսված են միջինից բարձր եկամուտով սեգմենտի համար: Իսկ այսօր բարձր գնաճի պայմաններում, տնտեսական խնդիրների պայմաններում կենսամակարդակի, իրական եկամուտների աճի առումով հարցեր կան, և դա ստիպում է բնակչությանը վարքագծում փոփոխություն կատարել և անցնել նույն ապրանքախմբի՝ ավելի էժան սեգմենտի: Եվ, ըստ նրա, այս տրանսֆորմացիան ևս կարող է հարվածել Հայաստանից արտահանողների շահերին:
«Կան պրոցեսներ, որոնք երկարաժամկետում կամ նույնիսկ միջնաժամկետում հանգեցնելու են նրան, որ Հայաստանից ՌԴ նույնիսկ ավանդական արտահանումը նվազելու է»,-նշեց տնտեսագետը:
Հայաստանից արտահանման ծավալներով երրորդ տեղում Չինաստանն է, Հայաստանը 2024-ին Չինաստան է արտահանել 1 մլրդ 97 մլն 509.4 հազար դոլարի ապրանք, որը 2023-ի համեմատ աճել է 2.6 անգամ:
«Պետք է նկատի ունենանք, որ ունենք հանքագործական արտադրանքի վերաուղղորդում: Եվ այստեղ Չինաստանը զգալի դերակատարում է ստանձնել: Չինաստանը ևս տեղավորվում է իմ նշած վերաարտահանման սխեմայի մեջ»,-ասաց տնտեսագետը:
Քթոյանը նկատեց՝ Հայաստանի արտաքին մրցունակությունը էապես չի փոխվել: