Պետք է դուրս գանք գոհունակության այս վիճակից և փորձենք հասկանալ, թե ինչպես ավելի արդյունավետ օգտագործենք առկա ռեսուրսները․ տնտեսագետ
8 րոպեի ընթերցում

Հայաստանի վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 52 տոկոսով ցածր է եղել 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Էապես նվազել են և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալները։ Նվազել է նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Փոխարենը, տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ գերազանցապես ծառայությունների և շինարարության ոլորտների շնորհիվ, աճել է 4.1 տոկոսով։
Հայաստանի տնտեսությունում նկատվող որոշ զարգացումների վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ։
- Ըստ ձեզ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ցուցանիշների անկումը պայմանավորված է միայն ռուսաստանյան ոսկու վերաարտահանման ծավալների նվազմա՞ն գործոնով:
- Ոսկու գործոնն արդիական է ոչ միայն ռուս-ուկրաինական պատերազմի համապատկերում: Այն նշանակալի ազդեցություն ունի Հայաստանի թե՛ արտաքին, թե՛ ներքին առևտրի, թե՛ արդյունաբերության որոշ ճյուղերի ցուցանիշների ձևավորմանը: Ըստ էության, ցածր աճ կամ նույնիսկ ցուցանիշների նվազում ունենք թանկարժեք մետաղներով գործառնություններին և առևտրին ուղղակի կամ անուղղակի առնչվող բոլոր այն ոլորտներում, որոնցում նախորդ ամիսներին արձանագրվել էր բավականին զգալի աճ: Ցուցանիշների անկում է գրանցվել ոչ միայն արտաքին առևտրաշրջանառության (նվազել են և՛ արտահանման, և՛ ներմուծման ծավալները), այլև արդյունաբերության ոլորտում:
Դատելով վիճակագրությունից՝ 2024 թվականին արդյունաբերության աճը գլխավորապես պայմանավորված է եղել մետաղների արտադրությամբ, այդ թվում՝ ոսկու գործոնով: Առևտրի ոլորտի երկնիշ աճն էլ հիմնականում պայմանավորված էր մեծածախ առևտրով, որում դարձյալ ուրույն մասնաբաժին ունի ոսկու առևտուրը: Հիմա այս բոլոր ուղղություններով (մշակող արդյունաբերություն, արտահանում-ներմուծում) ունենք ցուցանիշների նվազում, իսկ մեծածախ առևտրի պարագայում՝ չափավոր աճ:
Արտահանման մասով նույն պատկերն էր նաև 2024 թվականին, այդ թվում՝ հունվար-փետրվար ամիսներին: Թանկարժեք մետաղների արտահանումն ավելացել էր, մինչդեռ արտահանման մյուս բոլոր կետերով աճ չկար, նույնիսկ առկա էր նվազում: Ներմուծման դեպքում նմանապես ծավալի ամբողջ աճը համարժեք էր, նույնիսկ, պակաս էր թանկարժեք մետաղների ներմուծման ցուցանիշից: Նույն կերպ նախորդ տարվա առաջին երկու ամիսներին գրեթե հավասարազոր մեծություններ էին մշակող արդյունաբերության բացարձակ աճը և հիմնական մետաղների արտադրության բազմապատիկ աճը:
Շոկային էֆեկտը այդպիսին է կոչվում նաև դրա համար, որ անգամ կտրուկ դրական ազդեցություն ապահովելիս որոշակի պահից կտրուկ առաջացնում է բացասական ազդեցություն:
- Ըստ վիճակագրական տվյալների՝ ծառայությունների (առանց առևտրի) և շինարարության ոլորտներում հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է համապատասխանաբար 12.4 և 12.2 տոկոսի աճ: Ինչո՞վ է պայմանավորված այս պատկերը։
- Ծառայությունների և շինարարության ոլորտները, կարելի է ասել, տնտեսական ակտիվության պահպանմանը նպաստող առանցքային ուղղություններ են։ Դարձյալ պետք է մի քանի մասի բաժանենք Հայաստանի վրա ռուս-ուկրաինական պատերազմի տնտեսական ազդեցության հանգամանքը: Գործոններից մեկը խոշոր ուղղություններով վերաարտահանումն է: Մյուս գործոնն առնչվում է Հայաստանում ընկերությունների գրանցմանը, մեր երկիր ժամանակավորապես ներգաղթածների տնտեսական գործունեությանը, ծառայությունների և այլ ասպարեզներում պահանջարկի ձևավորմանը։ Ծառայությունների ոլորտում այդ ազդեցությունը դեռևս պահպանվում է: Միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ Հայաստանի տնտեսությունն ունի աճի որոշակի ներուժ և հնարավորություն, որը նույնպես դրսևորվում է:
- Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար վերադառնում է իր բնականոն ցուցանիշներին, ինչի հնարավորության մասին տնտեսագետները բարձրաձայնում էին նախորդ տարվանից։
- Նախ նշեմ, որ 2025 թվականի պետբյուջեի մասին օրենքում արտահանման-ներմուծման վերաբերյալ կանխատեսումներն արդեն իսկ ենթադրում էին դրանց զգալի նվազում: Այսինքն, չենք կարող ասել, որ դա անկանխատեսելի էր: Ինչ վերաբերում է բնականոն վիճակին վերադառնալուն, ապա ձեռնպահ կմնամ այդ մասին խոսելուց, որովհետև դա ենթադրում է ռուս-ուկրաինական պատերազմի ազդեցության ամբողջական չեղարկում։ Մինչդեռ, այդ պատերազմով պայմանավորված իրողությունները դեռևս ազդում են մեր տնտեսության վրա: Այլ հարց է, որ դա տեղի է ունենում ոչ այն չափով, որը դրսևորվում էր հակամարտության առաջին ամիսներին կամ սկզբնական 1.5 տարվա ընթացքում: Ազդեցությունը էապես նվազել է, բայց այն դեռևս առկա է: Մյուս կողմից՝ պատերազմը նաև որոշակիորեն բացասաբար է անդրադարձել ավանդական տնտեսական գործունեության ուղղություններին: Օրինակ, պատերազմի և պատժամիջոցների արդյունք է ռուսական ռուբլու արժեզրկումը, ինչի հետևանքով ռուսաստանյան շուկան կարող է համեմատաբար պակաս գրավիչ լինել մեզ համար: Դրա դրսևորումներից է Հայաստանի ավանդական որոշ ապրանքների արտահանման նվազումն այդ երկիր: Հայաստանի տնտեսության բնականոն վիճակ ասածը ենթադրում է նաև, որ դրամ-ռուբլի փոխարժեքը պետք է համարժեք լինի նախապատերազմյան մակարդակին։
Անշուշտ, Հայաստանի տնտեսությանը շոկային էֆեկտների ազդեցությունն աստիճանաբար նվազելու է, և այն վերադառնալու է տնտեսական աճի իր ներուժի մակարդակին։ Այդ պատերազմի ազդեցությունն անհամեմատ փոքր ծավալներով դեռևս կպահպանվի։
- Այս պարագայում հնարավո՞ր է կանխատեսել, թե առաջիկա մի քանի ամիսներին ինչպիսի զարգացումներ կլինեն Հայաստանի տնտեսությունում:
- Դժվար հարց է։ Նորից ասեմ, որ նախորդող ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառության աճի ցուցանիշների մասին պետք է խոսենք որոշակի վերապահումով։ Ավելի շատ պետք է կենտրոնանալ այն հարցին, թե որքանով կարող ենք ավելացնել հայկական արտադրանքի մրցունակությունն արտաքին շուկայում։ Այսինքն, մեր գլոբալ թիրախը պետք է լինի տնտեսության արդիականացումը և մրցունակության մեծացումը։ Այդպիսի ռազմավարության մշակման և հետևողական իրագործման պարագայում թվերն էլ կլինեն համապատասխան։ Որակական թռիչք արձանագրելու համար բավարար միջոցառումներ, ներդրումներ, արդիականացում, մարդկային կապիտալի բարելավում, ֆիզիկական կապիտալի ավելացում առայժմ չեն կատարվել։ Հետևաբար, պետք է դուրս գանք գոհունակության այս վիճակից և փորձենք հասկանալ, թե չօգտագործվող կամ ցածր արդյունավետությամբ օգտագործվող ինչ ռեսուրսներ ունենք և ինչ անել՝ դրանք ավելի արդյունավետ օգտագործելու համար: