Տնտեսություն

Արտաքին շոկերի դրական ազդեցությունները թուլանում են. տնտեսագետը տնտեսական ակտիվության աճի դանդաղում է նկատում

5 րոպեի ընթերցում

Արտաքին շոկերի դրական ազդեցությունները թուլանում են. տնտեսագետը տնտեսական ակտիվության աճի դանդաղում է նկատում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն 8 ամսում աճել է 9 տոկոսով, տնտեսագետ Արմեն Քթոյանը նախորդ ամիսների համեմատ դանդաղում է նկատում՝ պայմանավորելով արտաքին շոկերի դրական ազդեցությունների թուլացմամբ: Սակայն անգամ առանց այդ ազդեցությունների՝ կան ոլորտներ, որոնք նշանակալի աճ են ապահովում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Քթոյանը նշեց, որ նախորդ ամիսներին տնտեսական ակտիվության երկնիշ ցուցանիշը պայմանավորված է եղել ավելի շատ արդյունաբերական արտադրանքի ծավալի բարձր կատարողականով: Հիմա արդյունաբերության մասով փոքր–ինչ դանդաղում կա: 8 ամսվա արդյունքում արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.7 տոկոսով: 

«Մեր այս պահին առկա ներուժից բխող կարող ենք համարել տնտեսական աճի 5–7 տոկոսի տիրույթը: Եթե տնտեսական ակտիվությունը գերազանցում է այդ մակարդակը, ուրեմն ավելի շատ շոկերի, մեր տնտեսության ներքին գործընթացներին ոչ բնորոշ իրողությունների արդյունք է, ինչը երկարաժամկետ բնույթ կրել չի կարող: Ըստ էության, տնտեսական ակտիվության ցուցանիշի՝ 11 տոկոսից նվազումը մինչև 9 տոկոսի, կարելի է համարել ոչ թե անկում, այլ որոշակի առումով շոկային էֆեկտների թուլացում և մոտեցում բնականոն աճի մակարդակին»,–ասաց տնտեսագետը:

Քթոյանը հստակեցրեց՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որպես կանոն, ավելի բարձր է լինում, քան տնտեսական աճը: 

«Սակայն, եթե ակտիվության ցուցանիշի վրա մոդելավորենք, թե որքան կարող է լինել տնտեսական աճը, ապա կարող ենք ասել, որ տնտեսական աճն այս պահին մի փոքր ավելի բարձր է, քան ներուժային հնարավորությունները»,–ասաց նա՝ հավելելով, որ արտաքին շոկերի դրական էֆեկտները դեռ պահպանվում են:

Ըստ տնտեսագետի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի 9 տոկոս աճի մեջ մեծ դերակատարում ունեն տնտեսական գործունեության այն ուղղությունները, որոնք կրում են ռուս–ուկրաինական պատերազմի ազդեցությունը: 

«Սակայն, մյուս կողմից էլ չի կարելի ասել, թե առանց այդ գործոնների տնտեսությունը մնացած մասով անկում է ապրում, կամ շատ վատ իրողություններ կան: Կան ոլորտներ, որոնք նշանակալի աճ են ապահովում: Օրինակ՝ շինարարության ոլորտը (8 ամսում աճը կազմել է 16.2 տոկոս- խմբ.), որտեղ մեծ դերակատարում ունի պետական բյուջեի միջոցներով արվող շինարարությունը»,–ասաց նա:

8 ամսվա ընդհանուր մակրոտնտեսական ցուցանիշներում համեմատաբար բարձր են արտահանման, ներմուծման և առևտրի շրջանառության ծավալները: 

Արտաքին առևտրաշրջանառության ծավալն այս տարվա 8 ամսում 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70.9 տոկոսով: Ընդ որում՝ արտահանումն աճել է 2.1 անգամ, իսկ ներմուծումը՝ 86.8 տոկոսով: Իսկ առևտրի շրջանառությունում աճը կազմել է 20.4 տոկոս: Տնտեսագետը սա համարեց նախորդ ամիսների և մի քանի տարվա իրողությունների արտացոլումը: 

«Արտաքին առևտրաշրջանառությունն առաջանցիկ տեմպերով աճել է: Եվ սա մեծամասամբ ռուսական ոսկու, թանկարժեք քարերի էֆեկտն է: Սա բնականոն երևույթ չէ: Իսկ առևտրի՝ շուրջ 20 տոկոս աճը գլխավորապես պայմանավորված է  մեծածախ առևտրով, ինչը ևս նմանօրինակ իրողությունների արտացոլումն է»,–ընդգծեց Քթոյանը:

Ըստ նրա՝ վերաարտահանման գործոնը շոկային էֆեկտ է, պայմանավորված է ռուս–ուկրաինական պատերազմով: Թե այդ հնարավորությունների պատուհանը որքան բաց կմնա՝ բարդ է ասել: Սակայն, ըստ նրա, պատժամիջոցները, հավանաբար, դեռ երկար կպահպանվեն, և այդ մասով հնարավորություններն առկա կլինեն:

Անդրադառնալով հարցին, թե դա ինչ է տալիս Հայաստանի տնտեսությանը՝ Քթոյանն ասաց. 

«Տնտեսությանն առաջին հերթին տալիս է ցուցանիշների ֆորմալ բարելավում, բայց շատ մեծ ավելացված արժեք չի ձևավորում և հարկային մուտքերի վրա մեծ ազդեցություն չունի: Ունենք ներհոսք, արտահոսք, արտաքին առևտրաշրջանառության ու առևտրի տվյալների թռիչքային աճ, բայց ավելացված արժեքի կամ Հայաստանում մնացող արդյունքի տեսանկյունից ազդեցությունն այդքան մեծ չէ»:

Ըստ նրա՝ պայմանավորված անորոշության բավականին մեծ դաշտով՝ բարդ է ասել, թե տարին տնտեսական ակտիվության ինչ ցուցանիշով կամփոփվի: Շոկային գործոնները ինչքան կտրուկ ի հայտ են գալիս, այնքան կտրուկ կարող են չեզոքանալ: Այնուամենայնիվ, Քթոյանը կարծում է, որ տարվա կտրվածքով հնարավոր կլինի տնտեսական ակտիվությունը պահպանել 7–8 տոկոսի տիրույթում:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում