Քաղաքականություն

Հայաստանը և Ղազախստանը միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման հարցում. Արարատ Միրզոյան

5 րոպեի ընթերցում

Հայաստանը և Ղազախստանը միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման հարցում. Արարատ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման, ինչպես նաև երկու երկրների տարանցիկ ներուժի բարձրացման և ազգային տնտեսությունների արդիականացման ձգտման մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նկատել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ քննարկման ժամանակ:

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է հանդիպման մեկնարկին Արարատ Միրզոյանի խոսքը. 

«Սրտանց շնորհակալ եմ Ձեզ՝ պաշտոնական այցով Ղազախստանի Հանրապետություն այցելելու հրավերի, ինչպես նաև ջերմ և հյուրընկալ ընդունելության համար:

Նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Ձեզ անցած Նաուրիզի առթիվ և մաղթել նոր ձեռքբերումներ, բարեկեցություն և հաջողություններ:

Սա իմ առաջին պաշտոնական այցն է Ղազախստանի Հանրապետություն՝ որպես արտաքին գործերի նախարար: Համոզված եմ, որ այսօրվա քննարկումները լավ հնարավորություն կընձեռեն երկկողմ օրակարգի ողջ շրջանակի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային բնույթի արդիական հարցերի շուրջ մտքերի առարկայական փոխանակման համար:

Անցյալ տարին կարևոր հանգրվան դարձավ մեր պետությունների միջև երկկողմ հարաբերությունների պատմության մեջ: Այն հագեցած էր բարձր և բարձրագույն մակարդակի փոխադարձ այցերով, ինչպես նաև բազմաթիվ համատեղ միջոցառումներով, որոնք անհրաժեշտ թափ հաղորդեցին մեր փոխգործակցությանը տարբեր ոլորտներում: Իրապես նշանակալից էր Ղազախստանի Հանրապետության նախագահի այցը Հայաստան՝ առաջինը 2001 թվականից ի վեր, որին հաջորդեց Հայաստանի նախագահի այցը՝ խորհրդանշելով մեր բարեկամության և համագործակցության խորացման նոր փուլի սկիզբ:

Համոզված եմ, որ այս տարի ևս մենք կշարունակենք ամրապնդել երկկողմ գործընկերությունը՝ ընդլայնելով փոխշահավետ համագործակցության հորիզոնները, որոնք ընդգրկում են ուղղությունների լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներ:

Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ղազախստանի Հանրապետության հետ գործընկերությունը և պատրաստ է ջանքեր գործադրել դրա հետագա դինամիկ խորացման համար: Ելնում ենք նրանից, որ սա փոխադարձ բնույթ է կրում:

Մեր պետությունները միասնական են ինքնիշխանության և անկախության ամրապնդման, ինչպես նաև մեր երկրների տարանցիկ ներուժի բարձրացման և ազգային տնտեսությունների արդիականացման ձգտման մեջ: Այս ամենն ամուր հիմք է ստեղծում գործընկերային փոխգործակցության ընդլայնման համար:

Երևանն ու Աստանան հաճախ կա՛մ համընկնող, կա՛մ շատ նման դիրքորոշումներ են որդեգրում միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք կարևոր հարցերի վերաբերյալ:

Ակնհայտ է, որ խաղաղ նախաձեռնությունների իրականացման միջոցով տարածաշրջանային կայունության ամրապնդումը նույնպես համահունչ է մեր նպատակներին:

Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ Հարավային Կովկասում խաղաղության օրակարգին: Դուք անձամբ տեղյակ եք այդ մասին մեր նախկին շփումներից, այդ թվում՝ անցյալ տարի Ալմաթիում իմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի միջև հանդիպման անցկացման համատեքստում: Ուզում եմ ընդգծել, որ մենք գնահատում ենք Ղազախստանի ԱԳՆ հայտարարությունները՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ: Ինչպես գիտեք, Հայաստանն առաջարկել է ստորագրել համաձայնեցված պայմանագիրը, ինչը կարող է բեկումնային դառնալ մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ճանապարհին:

Հարգելի’ Մուրատ Աբուղալիի, առաջարկում եմ այսօրվա հանդիպման ընթացքում մանրամասն անդրադառնալ հետագա համագործակցության առանցքային ուղղություններին՝ հատկապես հաշվի առնելով առաջիկա երկկողմ շփումները, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում հրավերի և ավանդական ջերմ ընդունելության համար»,- նշել է Արարատ Միրզոյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում