Քաղաքականություն

Հայաստանը որևէ խոչընդոտ չի տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անհապաղ ստորագրելու համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանը որևէ խոչընդոտ չի տեսնում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն անհապաղ ստորագրելու համար

Հայաստանի Հանրապետությունը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը հենց այս պահին ստորագրելու համար չկա որևէ խոչընդոտ։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հայաստանը կարծում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի՝ հենց այս պահին ստորագրման համար չկա որևէ խոչընդոտ։ Պետք է նաև վկայել, որ մեր բազմաթիվ գործընկերներ, աշխարհի տարբեր երկրներ և կազմակերպություններ կողմերին կոչ են արել առանց հապաղելու ստորագրել խաղաղության համաձայնագիրը»,-ընդգծել է Վահան Կոստանյանը։ 

Անդրադառնալով հարցին, թե ո՞ր երկիրն է նախընտրելի համաձայնագրի ստորագրման համար՝ Կոստանյանը պատասխանել է, որ Հայաստանի Հանրապետության համար կարևորն այդ համաձայնագրի ստորագրումն է, և այս պահին կարևորություն չի տրվում, թե որ մայրաքաղաքում այն կստորագրվի։ 

«Հայաստանի համար նախընտրելին այս համաձայնագրի ստորագրման սցենարն է, մնացած բոլոր հարցերը քննարկելի են և երկրորդական»,-ասել է ԱԳ նախարարի տեղակալը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր շարունակում կեղծ լուրեր էր տարածում, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում