ՌԴ-ի և ՀՀ-ի միջև շարունակվում է բազմապլանային քաղաքական երկխոսությունը. Զախարովա
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շարունակվում է բազմապլանային քաղաքական երկխոսությունը։
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ Մարիա Զախարովան նշել է, որ երկու երկրների առաջնորդները մշտական կապի մեջ են։
«Հայաստանի վարչապետն ընդունել է հրավերը` մասնակցելու Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին` նվիրված Մեծ Հայրենականում տարած Հաղթանակի 80-ամյակին։ Կայացել են արտաքին գործերի նախարարների կառուցողական բանակցություններ։ Վերջերս կայացել են կոնսուլտացիաներ արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Աշխատում են միջկառավարական, միջխորհրդարանական մեխանիզմները, ընթանում է միջգերատեսչական համագործակցություն, կայացել է ագրոարդյունաբերության խնդիրներին նվիրված կլոր սեղան՝ կազմակերպված առևտրի պալատի և ռուս-֊հայկական գործարար միության կողմից: Կան նախաձեռնություններ նաև մշակութային, կրթական և հումանիտար ոլորտներում»,- նշել է Զախարովան և ավելացրել, որ զարգանում են նաև տնտեսական կապերը, պրոֆիլային տնտեսական գերատեսչությունները մշակում են մոտեցումներ ներդրումային համագործակցության համար։
Ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի՝ Երևանում զգում են եվրասիական ինտեգրացիոն նախագծի կարևորությունը երկրի սոցիալ տնտեսական կայունության և անվտանգության համար։ «Մենք համագործակցում ենք նաև այլ միջազգային հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում: Համաշխարհային օրակարգում հարցերի մեծամասնության մեջ մեր մոտեցումները համընկնում են կամ մոտ են»,- ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ այդ ամենի համատեքստում կան նաև հարցեր, որոնք դեռ լուծված չեն կամ լուծում են պահանջում։ Այդ հարցերը ևս քննարկվում են։