Հայաստան

Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է գիտահեն լուծումներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

4 րոպեի ընթերցում

Քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի պահպանությունը պահանջում է գիտահեն լուծումներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Քաղցրահամ ջրային էկոհամակարգերը կենսական նշանակություն ունեն կենսաբազմազանության պահպանման, մարդկանց բարեկեցության ապահովման և հասարակությունների դիմակայունության բարձրացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝  COP17-ի շրջանակում Հայաստանի տաղավարում անցկացված «Քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության ամրապնդումը գիտահեն լուծումների միջոցով» խորագրով քննարկման ժամանակ՝ հավելելով, որ  քաղցրահամ ջրային էկոհամակարգերն աշխարհում ամենավտանգված էկոհամակարգերից են՝ բախվելով կլիմայի փոփոխության, աղտոտման և ջրային ռեսուրսների ոչ բավարար արդյունավետ օգտագործման աճող ճնշումներին։  

Նրա խոսքով՝ այս մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ են ավելի ուժեղ քաղաքական հանձնառություն, համակարգված միջազգային գործողություններ և հուսալի գիտական տվյալներ, որոնք կուղղորդեն որոշումների կայացումը և կապահովեն բնության պահպանության ու վերականգնման միջոցառումների արդյունավետությունը։

«COP17-ում մեր ընդհանուր նպատակն է արագացնել Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը և միջազգային պարտավորությունները վերածել գործնական միջոցառումների»,- նշեց Աբիսողոմոնյանը։

Նա հիշեցրեց օրեր առաջ COP17-ի հայկական նախագահության կողմից ներկայացրած «Առաջնորդներ բնության համար» գագաթնաժողովի արդյունքային փաստաթուղթը՝ Երևանի հռչակագիրը, որն, ի թիվս այլ հարցերի, վերահաստատում է կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ համատեղ գործողությունների ուժեղացման կարևորությունը։

Աբիսողոմոնյանի խոսքով՝ այժմ առաջնահերթ խնդիրն այդ քաղաքական պարտավորությունները չափելի արդյունքների վերածելն է, և այդ  համատեքստում կարևոր դեր ունեն առաջադեմ մոնիթորինգային տեխնոլոգիաները։

«Հայաստանի համար այս խնդիրները գործնական նշանակություն ունեն։ Սևանա լիճը՝ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ ջրային լճերից մեկը, եզակի բնական էկոհամակարգ է, մեր ազգային ժառանգության անգնահատելի մասը և Հայաստանի կայուն զարգացման համար կենսական ռեսուրս»,-նշեց  նա՝ հավելելով, որ  Սևանա լճի պաշտպանության և վերականգնման ուղղությամբ Հայաստանի շարունակական ջանքերը ցույց են տալիս քաղցրահամ ջրային էկոհամակարգերի կառավարման բարդությունը և գիտական հետազոտությունների, արդյունավետ մոնիթորինգի ու ապացույցների վրա հիմնված քաղաքականության համադրման կարևորությունը։

Նա կարևորեց միջազգային գիտական համագործակցության և գիտելիքների ու փորձի փոխանակման նշանակությունը՝ տարբեր տարածաշրջանների երկրների առջև ծառացած ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում։

Միջոցառման ընթացքում քննարկվել են քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության և կայուն կառավարման գիտահեն մոտեցումները։ Ներկայացվել են իզոտոպային հիդրոլոգիայի նորարարական մեթոդները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ջրային աղտոտման աղբյուրները, գնահատել հիդրոլոգիական փոփոխությունները և աջակցել էկոհամակարգերի վերականգնմանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում