Քաղաքականություն

Ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ սյունեցիների տածած հույսը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք

3 րոպեի ընթերցում

Ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ սյունեցիների տածած հույսը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը մարտի 25-26-ին այցելել է Սյունիքի մարզ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է դեսպանության տարածած հաղորդագրությունից, այցի ընթացքում դեսպանը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և տեղացիների հետ քննարկել է տնտեսական և մարզային նշանակության հարցեր, ընդգծել է ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ 

«Սյունիքի ճանապարհին՝ Արարատի մարզում, դեսպանն այցելել է նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հանդիսանում է խոշոր ամերիկյան ներդրում Հայաստանում և որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար։ Սյունիքի մարզում նա այցելել է նաև «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ», որը մեկ այլ խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում։ Կոնտուր Գլոբալ ընկերությունը վերազինել է 55 տարվա պատմություն ունեցող համալիրն ամերիկյան տեխնոլոգիաներով՝ ապահովելու հուսալի էներգամատակարարում՝ միաժամանակ ստեղծելով աշխատատեղեր ամերիկացիների և տեղացիների համար»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ: 

ԱՄՆ դեսպանն այցելել է նաև Սուրբ Հռիփսիմեի պատմական եկեղեցին, որտեղ ընդգծել է ամենուր Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը։

Գորիսում դեսպանը հանդիպել է Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ անվտանգային իրավիճակի մասին հստակ գնահատականներ լսելու համար։ Այցի ընթացքում Քրիստինա Քվինը զրուցել է նաև համայնքային առաջնորդների, բնակիչների հետ՝ վերահաստատելով ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականության ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը։

«Խոսելով սյունեցիների հետ՝ ես զգացի խաղաղության, կայունության ու բարեկեցության հանդեպ նրանց տածած հույսը։ Ես ամեն ինչ կանեմ մեր երկու երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու համար», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը՝ ողջունելով խաղաղության համաձայնագրի ուղղությամբ վերջին շրջանի առաջընթացն ու ընդգծելով, որ շրջադարձային պահ է եկել՝ մի կողմ թողնելու տասնամյակներ տևած հակամարտությունը և աշխատելու Հարավային Կովկասում տևական անվտանգություն ու տնտեսական բարգավաճում ապահովելու շուրջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում