Իրավունք

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

3 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին: Երկուստեք դրական է գնահատվել ամենօրյա ռեժիմով արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում ներկայացվել են 2025 թ.-ի նախարարության առաջնահերթությունները, որոնք համընկել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ծրագրային առաջնահերթությունների հետ։ 

Անդրադարձ է արվել անչափահասների արդարադատության ոլորտի բարեփոխումներին՝ մասնավորապես անչափահասների արդարադատության միջգերատեսչական խորհրդի աշխատանքերին, ինչպես նաև Բարնահուս կենտրոնների ստեղծմանն ու զարգացմանը։ Այս համատեքստում Արդարադատության նախարարությունը մշտապես ունեցել է UNICEF-ի աջակցությունը:

Նախարարը կարևորել է Բարնահուս կենտրոնների պատշաճ գործունեության ապահովումը՝ մասնավորապես գործող 2 կենտրոնի արդյունավետ օգտագործումը քննչական մարմինների կողմից, ինչպես նաև այլ մարզերում կենտրոնների ստեղծումը: Նա առաջարկել է շարունակել հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացմանն ուղղված վերապատրաստման դասընթացերը:

Նախարարությունից հիշեցնում են, որ տուժող և վկա երեխայի հարցաքննության կազմակերպման գործընթացում երեխայակենտրոն մոտեցումների և պայմանների ապահովման միջոցառումների կազմակերպման նպատակով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ իրականացվել է «Բարնահուսի մոդելի կիրառման նպատակով մասնագետների՝ հոգեբանների և քննիչների կարողությունների զարգացում» վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է ընդհանուր 120 մասնագետ՝ քննիչ, դատախազ, որակավորված հոգեբան, սոցիալական աշխատող և այլ մասնագետներ:

Հանդիպմանն առաջարկ է հնչել աջակցել նախարարությանը քննչական գործողություններում ներգրավված հոգեբանների գործունեության, կարողությունների զարգացման մեխանիզմների մշակման հարցում:

Գործընկերների քննարկման առարկա է դարձել նաև քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անչափահասների կրթության ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:

Հանդիպման ավարտին կարևորվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից արդարադատության ոլորտի նոր ծրագրերի աջակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում