Կառավարության կողմից հստակ հանձնարարական կա շատ արագ գույքագրել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքի հրդեհի հետևանքով անօթևան մնացածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը:
«Տարհանված բնակիչները ներկա պահին հյուրանոցում են: Հանդիպելու եմ բոլորի հետ, որպեսզի միասին որոշենք հետագա անելիքը: Յուրաքանչյուրին ըստ անհրաժեշտություն օգնություն կցուցաբերվի: Ոչ մեկն առանց տանիք ու աջակցության չի մնա: Նախնական տվյալներով 54 գրանցված բնակիչ կա շենքում, այս պահին ճշտումների փուլում ենք, ու էլի ըստ նախնական տվյալների՝ փաստացի 32 բնակվող է եղել»,-ասել է Լոռու մարզպետը:
Նշվում է, որ փայտե շենքի բնակիչների համար Կառավարության ֆինանսավորմամբ ավելի վաղ էր բնակարանաշինական ծրագիր մեկնարկել:
«10 մլրդ դրամ արժողությամբ բնակապահովման ծրագրի արդյունքում բոլորն էլ տեղափոխվելու էին իրենց նոր տներ»,-նշում է աղբյուրը:
ՆԳՆ փրկարար ծառայության տարածած վերջին տվյալների համաձայն՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 11։22-ին։
«Փրկարարները հայտնաբերել են 1 քաղաքացու դի։ 6 քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են 8 մարտական հաշվարկ, 40 հրշեջ-փրկարար, ինչպես նաև Ստեփանավանի համայնքապետարանից հատուկ տեխնիկա»,-նշել է փրկարար ծառայությունը՝ հավելելով, որ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Ավելի վաղ, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 8-ին, ժամը 04։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է փայտե շենքի 2-րդ հարկում և տանիքում (մոտ 450 քմ)։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ․ այնուհետև դեպքի վայր օգնության է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ՝ որպես ջրատար։
Փրկարարները շենքից տարհանել են 27 բնակչի։