Իրան

Թրամփը Թեհրանի հետ գործարք կնքելու ցանկություն է հայտնել՝ Իրանը ոչնչացնելու մտադրության մասին լուրերն անվանելով չափազանցված

2 րոպեի ընթերցում

Թրամփը Թեհրանի հետ գործարք կնքելու ցանկություն է հայտնել՝ Իրանը ոչնչացնելու մտադրության մասին լուրերն անվանելով չափազանցված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Իրանի հետ միջուկային խաղաղության գործարք կնքել, որը թույլ կտա Իրանին բարգավաճել։ Նա միևնույն ժամանակ չափազանցված է անվանել այն լուրերը, թե ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են ոչնչացնել Իրանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական հարթակում։

«Ես ցանկանում եմ, որ Իրանը լինի մեծ և հաջողակ երկիր, բայց այնպիսի երկիր, որը չի կարող միջուկային զենք ունենալ: Հաղորդումներն այն մասին, թե Միացյալ Նահանգները, համագործակցելով Իսրայելի հետ, պատրաստվում է Իրանը կտոր-կտոր անել, մեծապես չափազանցված են», - գրել է ԱՄՆ Նախագահը։

Նա հավելել է, որ հարկավոր է անմիջապես աշխատել Իրանի հետ միջուկային գործարքի շուրջ։ 

«Ես շատ կնախընտրեի վերահսկվող միջուկային խաղաղության համաձայնագիր, որը թույլ կտա Իրանին խաղաղ զարգանալ և բարգավաճել: Մենք պետք է անհապաղ սկսենք աշխատել դրա վրա և մերձավորարևելյան մեծ տոնակատարություն կազմակերպենք, երբ այն ստորագրվի և վավերացվի: Աստված օրհնի Մերձավոր Արևելքը», - եզրափակել է Թրամփը։

Փետրվարի 4-ին Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու մասին։ 

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այդ փորձը կձախողվի։ Նա նաև նշել է, որ եթե միակ խնդիրն այն է, որ Իրանը միջուկային զենք չստեղծի, ապա «դրան հնարավոր է հասնել»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում